ԲԴԽ-ն կոչ է արել զերծ մնալ դատավորներին արատավորող տեղեկությունների և վիրավորանքների հրապարակումներից

ԲԴԽ-ն կոչ է արել զերծ մնալ դատավորներին արատավորող տեղեկությունների և վիրավորանքների հրապարակումներից

21 փետրվարի 2026 – 10:43 AMT

PanARMENIAN.NetԲարձրագույն դատական խորհուրդը, արձագանքելով սոցիալական ցանցերում որոշ փաստաբանների հրապարակումներին, հորդորել է զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից

«Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ամբողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։

Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։

Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։ Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։

Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են հետևյալ կանխատեսելի սխեման՝ դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։

Նկատենք, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը»,-ասվում է ԲԴԽ հայտարարության մեջ:

Նշվում է, որ խոսքի ազատությունը չի կարող և չպետք է ծառայեցվի դատավորների նկատմամբ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու կամ նրանց թիրախ դարձնելու նպատակին։

ԲԴԽ-ն հայտարարել է, որ նման դրսևորումները վտանգի տակ են դնում դատական իշխանության ինքնուրույնությունը և խոչընդոտել են արդարադատության լիարժեք ու արդյունավետ իրականացումը։

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարել այդպիսի գործելաոճը և կոչ է արել հրապարակային արտահայտվելիս առաջնորդվել մասնագիտական պատշաճ վարքագծով, փոխադարձ հարգանքով ու պատասխանատվությամբ՝ գիտակցելով, որ արդարադատությունը բոլորինն է և դրա արդյունավետ ապահովման համար պատասխանատվություն են կրում բոլորը։

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում արձագանքել է Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությանը՝ այն անվանելով անընդունելի:

Ըստ նրա՝ դա փաստաբաններին, իրավապաշտպաններին, «իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ է»։

«Վերնագիրը նայում ես, ամբողջությամբ ընդունելի է, ասում է՝ դատապարտում է Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին վիրավորելու կամ նրանց մասին արատավորող տեղեկություններ տարածելու դեպքերը։ Դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են և բնականաբար, դատական իշխանության ներկայացուցիչները, քանի որ քաղաքական պաշտոն չեն զբաղեցնում, նրանց նկատմամբ քննադատական խոսքը, պարզ է, պետք է ավելի բարձր չափանիշով լինի»,-ասել է նա։

Leave a Comment