ՀՀ-Զիմբաբվե առաջին քաղաքական խորհրդակցություններում խոսել են երկկողմ օրակարգի ընդլայնման մասին

ՀՀ-Զիմբաբվե առաջին քաղաքական խորհրդակցություններում խոսել են երկկողմ օրակարգի ընդլայնման մասին

21 փետրվարի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.NetՀՀ և Զիմբաբվեի միջև առաջին քաղաքական խորհրդակցություններում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Ընդգրկվել են գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները։

Քաղաքական խորհրդակցություններին նախորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և Զիմբաբվեի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում երկու պետությունների միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնումն ու արդեն ձևավորված համագործակցության խորացումը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի առաջնահերթությունները։ Ընդգծվել է, որ համաժողովի ընթացքում անհրաժեշտ է ապահովել ներառական և բազմաշահառու մասնակցություն՝ կենսաբազմազանության և բնապահպանության թեմաների շուրջ արդյունավետ և նպատակային քննարկումներ անցկացնելու համար։

ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նաև COP17-ի շրջանակում նախատեսված Առաջնորդների գագաթնաժողովի կարևոր դերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև Անդրսահարյան Աֆրիկայում արձանագրվող վերջին զարգացումներին։

Leave a Comment