Մարտի 1-6-ը ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի

Մարտի 1-6-ը ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի

Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Հարգելի քաղաքացիներ վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում։

Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

Բազմամյա դիտարկումների համաձայն՝ փետրվարի վերջին և նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են.
– կարճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ
– ցուրտ հոսանքների ներխուժումներ
– -3…-8°C նվազագույն ջերմաստիճաններ հովտային և նախալեռնային գոտիներում։ 

Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և արևադարձային տաք օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ: Խորհուրդ ենք տալիս առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի վաղ էտումից և բողբոջման խթանումից։ 

Ամերիկյան GEFS անսամբլային կանխատեսման համակարգը, որը համադրում է 30 առանձին կանխատեսումների արդյունքներ մեր տարածշրջանի զգալի մասում մարտի 1-6-ը ջերմաստիճանը կանխատեսում է նորմայից 1-3 աստիճանով ցածր: Ջերմաստիաճանի համեմատաբար ցածր ֆոնին կարող է նպաստել նաև հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձնածածկույթը»,- գրել է նա։

Leave a Comment