20 փետրվարի 2026 – 15:18 AMT
PanARMENIAN.Net – Արցախյան շարժումը ճիշտ էր ու արդար, ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:
Արցախյան շարժման 38-ամյակի առիթով Արցախի և Հայաստանի մի շարք պաշտոնյաներ այցելել են զինվորական պանթեոն և հարգանքի տուրք են մատուցել շարժմանը հաջորդած պատերազմներում զոհվածների հիշատակին։
«Մենք պատմական արդարությունն էինք ցանկանում վերականգնել։ Սա համայն հայության պայքար էր, սա միայն Արցախի պայքար չէր, սա մեր ինքնության պայքարն էր, դրա համար մենք ունեցանք հաղթանակներ»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախյան շարժումը չպետք է շարունակվի, Դանիելյանը նշել է, որ վարչապետի խոսքերը մեկնաբանելը համարում է անշնորհակալ զբաղմունք։
«Նա ինչ ասում է, լրիվ հակառակն է անում։ Մեր իրավունքների պայքարը շարունակվում է, դա մեկ մարդով կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ, որ դադարում ենք պայքարել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի հետ և այս հարցում մենք մենակ չենք։ Կարծում եմ, Հայաստանում լինելով ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերը և մտահոգությունները կվերանան»,- ասել է Դանիելյանը։
Արցախի նախագահի պաշտոնակատարը նաև շեշտել է, որ չի բացառում Արցախյան շարժման կրկնության հնարավորությունը։
«Ցանկացած սցենար հնարավոր է, եթե Հայաստանում լինեն ազգային իշխանություններ»,- նշել է նա։
1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։