Ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլևս տեսական սպառնալիք չէ․ Արթուր Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ մասնակցում է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

«Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, այսօր ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլեւս տեսական սպառնալիք չէ: Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խաթարելու եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար:

Խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բեւեռացման խթանման եւ արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է:

Այս մեխանիզմները, հատկապես, ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: Հայաստանում եւս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երեւույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները եւ դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձեւավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը եւ ազդել հանրային տրամադրությունների վրա:

Սա միայն Հայաստանի խնդիրը չէ:

Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է:

Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի:

Անհրաժեշտ է՝

  •   ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը,

  •   բացահայտել եւ կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը,

  •   ապահովել ֆինանսական եւ քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը,

  •   խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համագործակցության եւ համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Leave a Comment