20 փետրվարի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված ՀԱԵ Եպիսկոպոսաց հավաքը հավատարմություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին, անընդունելի համարել «արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում»:
Հայտարարությունը ստորագրել է նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որն ավելի վաղ միացել էր վարչապտի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Հավաքի մասնակիցնբերը խոր մտահոգություն են հայտնելով եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի կապակցությամբ՝ դատապարտելով եկեղեցականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները:
«Մենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։
Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։
․․․Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ՝ ի մասնավորի արձանագրելով, որ՝ ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց հայրապետների հովվապետությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀԱԵ-ն երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։