Պետական ապարատում ներդրված նոր կարգավորումները, որոնք պարգևավճարները կապում են կոնկրետ աշխատանքի ծավալի հետ, լարվածություն և անարդարություն են առաջացրել գերատեսչություններում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի փոխանցմամբ՝ անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգևավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, նրանց տեղակալներն ու վարչությունների պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80%-ը, իսկ շարքային քաղաքացիական ծառայողները՝ ընդամենը 20%-ը:
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ նոր համակարգը էապես փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը: Քանի որ պարգևավճարները տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, կարևորվել է, թե որ ծառայողին ինչքան գործ է մակագրվում: Սակայն, ըստ թերթի աղբյուրի, դա հանգեցրել է նոր խնդիրների. վերադասները սկսել են գործեր չմակագրել կամ հանձնարարականներ տալ միայն իրենց նախընտրած աշխատակիցներին, որպեսզի պարգևավճարները բաշխելիս իրենք և իրենց մտերիմները ստանան գումարները:
Ամսվա վերջում էլեկտրոնային «Մալբրի» համակարգում կազմվում է կատարողական, և տեսանելի է դառնում, թե ով քանի նամակի է պատասխանել, քանի հանձնարարական է կատարել: Հենց այդ տվյալների և որոշակի գործակիցների հիման վրա էլ բաշխվում է հավելավճարը: Արդյունքում, ոմանք օրերով հանձնարարականներ չեն ստանում, ինչն ուղղակիորեն ազդում է նրանց վարձատրության վրա:
ՀՀ կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերին պետական բյուջեից մոտ 6 միլիարդ դրամի պարգևավճարներ էր բաշխել տարբեր գերատեսչությունների աշխատակիցների միջև: Պարգևավճարների բաշխումը լայն արձագանք էր ստացել հանրության և ԶԼՄ-ների շրջանում՝ պայմանավորված ինչպես գումարների մեծությամբ, այնպես էլ դրանց բաշխման սկզբունքներով:
Պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականից կկիրառվեն պարգևատրման նոր՝ ավելի թափանցիկ մեխանիզմներ: Նոր կարգավորումներով նախատեսվում էր պարգևավճարները կապել կոնկրետ աշխատանքի ծավալի և կատարողականի ցուցանիշների հետ, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի միջոցով դարձնել դրանք ավելի վերահսկելի:
