Ադրբեջանը չի մասնակցելու Գազայում 7 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական նախաձեռնությանը․ Հաջիև

Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել Գազայի հետ կապված 7 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական նախաձեռնությանը, որը հայտարարվել էր Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ըստ նրա՝ ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայի ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մի խումբ երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, ավելի քան 7 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հատվածի վերականգնման համար նախատեսված օգնության փաթեթին։

Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության խորհրդի նիստում, կրկին հիշատակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը։

Խաղաղության խորհուրդը ստեղծվել էր հունվարի 22-ին։ Հայաստանը այն 19 երկրներից մեկն էր, որոնք ստորագրել էին խորհրդի հիմնադրման փաստաթուղթը։ Խաղաղության խորհրդի ստեղծման գաղափարը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է միջազգային հարթակի ստեղծում Գազայի հակամարտության կարգավորման համար՝ դրա մանդատը այլ ճգնաժամերի վրա ընդլայնելու հնարավորությամբ։ Փետրվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Խաղաղության խորհրդին։

Leave a Comment