Կասեցվել է հայտնի սուպերմարկետի արտադրած կրուասանների և փքաբլիթների արտադրությունը

Նմուշառման արդյունքում հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանրէներ


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող արտադրամասի երկու արտադրատեսակի թողարկումը։


Արշակունյաց պողոտայում գործող հրուշակեղենի արտադրամասում իրականացված ստուգումների արդյունքում լաբորատոր փորձաքննությունը հայտնաբերել է լուրջ խախտումներ։


Փորձաքննությամբ Տեսչական մարմնի աշխատակիցները նմուշառում են կատարել երեք տեսակի արտադրանքից, որոնցից երկուսում հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանրէներ.


«Կրուասան կրեմով» – նմուշում հայտնաբերվել են. Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), Ոսկեգույն ստաֆիլակոկ (S.aureus), Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ)։


«Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» – հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։


Նշված ցուցանիշները չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության նորմերին։


ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ վերոնշյալ երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։


Երրորդ նմուշի՝ «Նուտելայով տորթի» մասով խախտումներ չեն արձանագրվել։


Տնտեսավարողին տրվել են հետևյալ հանձնարարականները. 


Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրական գործընթացը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Վերացնել հայտնաբերված խախտումները սահմանված վերջնաժամկետում։ 


Արտադրության այս հատվածի վերագործարկումը թույլատրելի կլինի միայն խախտումների ամբողջական վերացումից և կրկնակի փորձաքննության դրական արդյունքներից հետո։

Leave a Comment