19 փետրվարի 2026 – 13:27 AMT
PanARMENIAN.Net – Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50,000 դրամ ամսական նպաստ: Կառավարությունը չզեկուցվող նախագծերի ցանկում ընդունել է «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։
Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով, հայտնում է Radar Armenia-ն:
Փաստաթղթով սահմանվել է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, պահանջվող փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի կազմակերպման մեխանիզմները։
Նպաստի նշանակման և վճարման գործընթացը կազմակերպվելու է հիմնականում ինքնաշխատ և առցանց եղանակով՝ վարչարարությունը պարզեցնելու և քաղաքացիների վարչական բեռն նվազեցնելու նպատակով։
Օրենքն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին: մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ծնված երրորդ և հաջորդ երեխաների համար շարունակում է գործել 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-L կառավարության որոշմամբ սահմանված դրամական աջակցության համակարգը, որը նույնպես կազմում է ամսական 50,000 դրամ։ Այդ աջակցությունը, անկախ դրա դադարեցված լինելուց, վերանվանվում է սույն օրենքով նշանակված նպաստի։