Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) միջև մինչև 100 մլն եվրոյի վարկային գիծ տրամադրելու մասին CAM 1029 շրջանակային համաձայնագրի վավերացման նպատակահարմարությանը։
Ծրագրի նպատակը ջրային և ոռոգման ենթակառուցվածքների արդիականացումն ու գյուղատնտեսության կայուն զարգացումն է՝ հաշվի առնելով ոլորտում առկա մաշվածությունն ու կլիմայական ռիսկերը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-19-ին՝ «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» (WAIDA) ծրագրի շրջանակում։
Ծրագիրն ունի երկու ուղղություն՝ ազգային մակարդակում կֆինանսավորվի Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը, իսկ Սյունիքի մարզում կիրականացվեն ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներ՝ Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքներում։
Ֆինանսավորումը բաղկացած է երեք տրանշից՝ 30 մլն եվրո՝ Սյունիքի բաղադրիչի համար, մինչև 30 մլն եվրո՝ WISE-ի առաջին, և մինչև 40 մլն եվրո՝ երկրորդ մասնաբաժնի համար։ ԵՄ-ն նախատեսում է նաև 12,456 մլն եվրո դրամաշնորհ տեխնիկական աջակցության համար։
2026 թվականի պետական բյուջեով ծրագրի շրջանակում նախատեսված է 193,6 մլն դրամ, որից 161,3 մլն դրամը՝ վարկային միջոցներ, 32,3 մլն դրամը՝ համաֆինանսավորում։
