Սպիտակ տանը և Պենտագոնում ընթանում են ակտիվ քննարկումներ Իրանի ռազմական թիրախներին հնարավոր հարվածներ հասցնելու շուրջ, ինչին ամերիկյան բանակը պատրաստ կլինի արդեն շաբաթ օրվանից։
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, տարածաշրջանում նկատվում է զգալի ռազմական տեղաշարժ. «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբին միանալու է գալիս «Ջերալդ Ֆորդը», իսկ որոշ ստորաբաժանումներ ժամանակավորապես դուրս են բերվում Մերձավոր Արևելքից՝ Իրանի հնարավոր հակահարվածներից խուսափելու համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը շեշտել է, որ թեև դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն, սակայն Ժնևում կայացած միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դեռևս էական արդյունք չեն տվել, և կողմերը հեռու են համաձայնությունից։
«Իրանը շատ իմաստուն կլինի գործարք կնքել նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ», – ասել է նա։
ԱՄՆ երկու պաշտոնյաներ էլ Axios-ին հայտնել են, որ նախագահ Թրամփը չորեքշաբթի օրը իր գլխավոր խորհրդականներին հրավիրել է Իրանի հետ ճգնաժամի վերաբերյալ հանդիպման։
Թրամփը տեղեկացվել է այս շաբաթվա սկզբին Ժնևում կայացած միջուկային բանակցությունների մասին, և խումբը քննարկել է հաջորդ քայլերը։
