18 փետրվարի 2026 – 19:01 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբանների շրջանում քննարկման առարկա է դարձել Արմավիրի մարզի դատարանի կայացրած որոշումը, որը վերաբերում է կարգալույծ քահանաների հայցերին։
Փաստաբան Սոս Հակոբյանը, դիմելով մյուս փաստաբաններին, հետաքրքրվել է, թե նախկին հոգևորականների օրինակով (մի պահ համարենք, որ աշխ. հարաբերություններ են) ունեցե՞լ են կամ տեսե՞լ են «այսպիսի աբսուրդ դատական այլ ակտեր աշխ. վեճերով, երբ հայցի ապահովման միջոցով աշխատակիցը վերականգնվի նախկին պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը»:
Փաստաբան Մանուշ Եսայանը գրել է, որ «այդպիսի իրավաբանություն Հին Հռումում անգամ չի տեսել»:
«Այսուհետ, բոլոր աշխատանքից ազատված անձինք դատարանին միջնորդում եք, որ դատարանը կիրառի նախնական միջոց ու դուք գնաք աշխատանքի, փող ստանաք, դե հետո դատարանը ինչ կորոշի՝ դա արդեն ուրիշ հարց է, եթե որոշի, որ գործատուն իրավաչափ է ազատել աշխատանքից, ապա էդ ստացած փողերը հետ կտաք գործատուին։
Ու հա, սիրելի գործատուներ, եթե ազատում եք աշխատողին իմացեք, որ դատարանի միջանկյալ որոշմամբ կարող է հետ գալ ու շարունակել ձեր կյանքը և ներվերը ուտել ու դուք պարտավոր եք նրան վճարել։
Ու հա, եթե որևէ դատարան նման որոշում չկայացնի անպայման մեջ բերեք Արմավիրի մարզի դատավորների որոշումները, այդպիսի իրավաբանություն Հին Հռումում անգամ չեն տեսել։
Ինչպես ասում են, եթե խայտառակվել ապա մինչև վերջ և շատ»,-գրել է նա:
Կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը դատարան են ներկայացրել հայցեր՝ պահանջելով անվավեր ճանաչել Վեհափառ Հայրապետի տնօրինությունը՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը Հոգևոր hովվի պաշտոնում։