19 փետրվարի 2026 – 10:29 AMT
PanARMENIAN.Net – Աջափնյակ վարչական շրջանում արձանագրված կրակոցների դեպքի առնչությամբ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձ), 155-րդ հոդվածի (սպանություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:
Իրավապահների իրականացրած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին առնչվող անձանց ամբողջ շրջանակը․ ձեռնարկվել են քայլեր նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է: ։
Ըստ առողջապահության նախարարության՝ երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է եղել, և լսվել են կրակոցների ձայներ։ Պարզվել է, որ կան դանակահարված և հրազենային վնասվածքներ ստացած անձինք, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Տուժածներից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։