Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ Ռուսաստանի փոխարեն այլ կառույցի փոխանցել հանրապետության երկաթուղիների կառավարումը, չմշակված որոշում է, որի հետևանքով տարիների ընթացքում ձևավորված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Չեմ ցանկանում գնահատել այլ պետությունների կարողությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, սակայն կարող եմ վստահորեն ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը Հայաստանում արդյունավետ և երկար տարիներ աշխատել է՝ ոչ ամենահեշտ պայմաններում», — նշել է Շոյգուն։
Նա հավելել է․ «Վերջերս ես մեկնաբանել էի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ոլորտում համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Դիվանագիտական լեզվով ասած չմշակված որոշումները արդյո՞ք չեն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձարկումների, որոնց հետևանքների համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի շարքային քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ ակնթարթում փլուզվել։ Իսկ դրա համար որևէ «բարեկամ երկիր», բնականաբար, պատասխանատվություն չի կրի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ ընդունելիս Հայաստանի ղեկավարությունը կառաջնորդվի բացառապես իր քաղաքացիների շահերով»։
Նա ընդգծել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումային պարտավորությունները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային համակարգում, ներառյալ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։
«Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո վանում է հնարավոր գործընկերներին՝ խոչընդոտելով տարածաշրջանային նախագծերին, և մտածում է երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցել այնպիսի երկրի, որը բարեկամ է թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին», — նշել է Շոյգուն՝ հիշեցնելով, որ պայմանագիրը նախատեսում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ որպես կոնցեսիոներ, իրականացնում է կոնցեսիոն ակտիվների տիրապետում, օգտագործում, կառավարում, շահագործում, սպասարկում, վերանորոգում և անհրաժեշտ բարելավումներ։
«Տեղեկության համար նշեմ, որ պայմանագիրը ստորագրելիս ռուսական կողմը ստանձնել է պատասխանատվություն ավելի քան 1,2 հազար անշարժ գույքի կոնցեսիոն ակտիվների և Հայաստանի երկաթուղային համակարգի ավելի քան 12,5 հազար շարժական գույքի օբյեկտների համար», — հավելել է նա։