«Վերանորոգում են խախտումներով» և «փոխհատուցմանն սպասում են 2 տարի». փորձագետները՝ Երևանի փոսերի մասին

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը և ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովն Armenia Today-ին մեկնաբանել են Երևանում ձնհալից հետո փողոցներում առաջացած փոսերի խնդիրը և դրանց հետևանքով վարորդներին պատճառված վնասները։

Քեյանի գնահատմամբ՝ ձնհալից հետո փողոցներում առաջացած փոսերի պատճառով վարորդները զգալի նյութական վնասներ են կրում, ինչը անբարեխիղճ աշխատանքի հետևանք է: Փորձագետը նշում է, որ ամենամյա վերանորոգումներն իրականացվում են տեխնիկական պահանջների խախտումներով. հենց սա է պատճառը, որ տեղումների ազդեցությամբ ճանապարհածածկը կարճ ժամանակում քայքայվում է։

ՀԿ նախագահը խնդրի լուծումը տեսնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներն ակտիվ պաշտպանելու մեջ։ Քեյանի խոսքով՝ սա ժամանակատար, բայց արդյունավետ միջոց է։

«Եթե մարդիկ, քաղաքացիներն ակտիվ պայքարեն իրենց նյութական վնասների հատուցման պահանջներով և քաղաքապետարանը լուրջ ֆինանսական խնդրի առաջ կանգնի, ավելի լուրջ կհետևի, որպեսզի ժամանակին պատշաճ տեխնիկական պայմաններին համապատասխան իրականացվեն այդ շինարարական աշխատանքները»,- նշել է նա:

Նա նաև մատնանշել է մյուս երկրների փորձը, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունը երաշխիք է տալիս այդ աշխատանքների անվտանգության և որակի համար։ Մյուս կողմից, ըստ նրա, քաղաքապետարանը պետք է վերահսկի այդ աշխատանքները և համապատասխան պատասխանատվություն սահմանի ոչ պատշաճ աշխատանքի համար։

Խաչատուրովը Armenia Today-ին մանրամասնել է, որ վնասի փոխհատուցման գործընթացը գլխացավանք է և տևում է նվազագույնը 1,5-2 տարի, վնասները միջինում կազմում են 80000-200000 դրամ։

«Լավագույն դեպքում բավական ծախս կանեն ու երկու դատական նիստերից հետո նոր կհատուցվի»,- ասել է փաստաբանը։

Նա վարորդների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ միայն ԿԱՍԿՈ ապահովագրություն ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը կարող են ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալ։

«Ապպա պայմանագրով չես կարող փոխհատուցում ստանալ, որովհետև փոս ընկել, լյուկ ընկնել, փոսից վնասվելն ավտոպատահար չէ»,- ասել է փորձագետը։

Խաչատուրովը շեշտել է, որ տվյալ դեպքում վնաս պատճառողը Երևանի քաղաքապետարանն է և նրանից պետք է քաղաքացիները փոխհատուցում պահանջեն։ Սակայն դեպք չի գրանցվել, որ քաղաքապետարանը կամավոր հատուցի։ Նա նշել է քայլերի հերթականությունը։

«Ի սկզբանե գնում եք ոստիկանություն, որ դեպքն արձանագրեն, հետո պիտի դիմեք փորձաքննության, փորձաքննությունը որոշում է, որ վնասի մեղավորը քաղաքապետարանն է և որոշում վնասի չափը։ Այդ արձանագրություններով գնում եք քաղաքապետարան, պահանջում վնասի փոխհատուցում, քաղաքապետարանը մերժում է։ Հետո դիմում եք դատարան»,- մանրամասնել է նա։

Դատարանի որոշումը ստանալուց հետո երկրորդ անգամ պետք է դիմել քաղաքապետարան՝ գումարը ստանալու համար։ Երկրորդ անգամ քաղաքապետարանի մերժումից հետո նորից դիմում են դատարան՝ գումարը ստանալու համար։

Փորձագետը դժվարացել է նշել նման դեպքերի հստակ թիվը՝ նշելով, որ որպես կանոն արձանագրվում է դրանց միայն 10 %-ը:

Leave a Comment