Հայաստանը հրաժեշտ է տալիս Իտալիայում դեռևս ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերին, որտեղ մարզական արդյունքներին զուգահեռ՝ օրակարգում հայտնվեց «երաժշտական ցենզուրան»։
Հայ 5 մասնակիցները, որոնք ներկայացված էին երեք մարզաձևում՝ գեղասահք, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք, ավարտեցին իրենց մրցելույթները՝ 14-րդ հորիզոնականը թողնելով որպես պատվիրակության ամենաբարձր ցուցանիշ։
Հայաստանը ներկայացնող գեղասահորդների հավակնոտ զույգի օլիմպիական դեբյուտը վերածվեց քաղաքական վեճի առարկայի։ Ադրբեջանի բացահայտ դիմադրությունն ստիպեց ՄՕԿ-ին վերանայել հայ մարզիկների ծրագրի երաժշտական ձևակերպումը։ «Արցախ» անվանումը պաշտոնական հարթակներից հեռացվեց՝ սահմանափակվելով ստեղծագործության հեղինակի՝ Արա Գևորգյանի անվան հիշատակմամբ:
Որոշումը Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ելույթը դասեց խաղերի ամենաաղմկահարույց միջադեպերի շարքին։
Բուն մրցապայքարում Ակոպովա-Ռախմանին զույգն ազատ ծրագրի համար ստացավ 114.39 միավոր։ Կարճ ծրագրում գրանցած 66.27 արդյունքի հետ մեկտեղ՝ հայ գեղասահորդները երկու մրցելույթի հանրագումարում վաստակեցին 180.66 միավոր՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։
Լեռնադահուկային սպորտում Հարություն Հարությունյանի մեկնարկը խոստումնալից էր. ոլորավայրէջքի առաջին մրցահերթում նա ընթանում էր 37-րդ տեղում։ Սակայն երկրորդ փորձի ժամանակ թույլ տված տեխնիկական խախտումը հանգեցրեց որակազրկման և պայքարից դուրս մնալուն։ Ավելի վաղ մարզիկը հսկա ոլորավայրէջքում 81 մասնակիցների թվում գրավել էր 59-րդ հորիզոնականը։
Դահուկավազքի մրցումներում Միքայել Միքայելյանը 10 կմ ինտերվալ մրցաձևում եզրագիծը հատեց 53-րդը, իսկ 20 կմ սկիաթլոնում 73 մասնակիցների շարքում զբաղեցրեց 48-րդ տեղը։
Կանանց պայքարում Կատյա Գալստյանը 10 կմ ինտերվալ մրցաձևն ավարտեց 82-րդ հորիզոնականում, մասնակիցների թիվը 111 էր։ Սկիաթլոնում մարզուհին դուրս մնաց պայքարից առաջին 10 կմ-ից հետո՝ չհատելով եզրագիծը։
Հրաժեշտ տալով Իտալիային՝ Հայաստանի օլիմպիական թիմն իր հետ բերում է կարևորագույն փորձառություն և մրցակցային վիճակագրություն։ Այս տվյալներն այժմ պետք է դառնան աշխատանքային գործիք՝ հաջորդ օլիմպիական քառամյակում մասնակցությունը մեդալային հավակնության վերածելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
