Ժնևում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ֊ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը։ Դրանք տևել են շուրջ 4․5 ժամ, որոնք անցկացվել են դռնփակ ձևաչափով։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, ընդգծել է, որ կողմերը կշարունակեն աշխատանքը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ժնևում ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա հանդիպումը։
-Ուկրաինայի հետ կապված որևէ սպասելիք չունեմ, որովհետև ակնհայտ է, որ ռուսական պատվիրակության կազմում Պուտինի խորհրդականի՝ Մեդինսկու վերադարձը ցույց է տալիս, որ սա իմիտացիայ է, որ իրենք գնում են բանակցելու։ Բայց սա ընդհանուր քաղաքական հարց է, որը որոշում է մեկ անձ Ռուսաստանում։ Այդ անձի կողմից որևէ հրադադարի գնալու նպատակ չեմ տեսնում, իսկ խաղաղության մասին չենք խոսում, որովհետև նախորդ օրը ամենաուժեղ հարվածներն են հասցվել Կիևի էներգետիկ համակարգերին։ Հետևաբար, եթե մարդը ցանկանում է գնալ խաղաղության, նա հաստատ այդպիսի քայլեր չի անի։ Մյուս կողմից, ցավալի է ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ ուղղված Ուկրաինային, որ պետք է որոշել և մասնակցել բանակցություններին։ Ուկրաինան մասնակցում է, ամեն ինչ անում է, բայց ինչո՞ւ է Թրամփը դեռ միայն Ուկրաինային կոչ անում գնալ զիջումների, երբեմն նաև «կսմթում» է Ռուսաստանին, բայց ակնհայտ ճնշումներ եմ տեսնում Կիևի ուղղությամբ։
-Եվրոպացի ներկայացուցիչները օգնո՞ղ, թե՞ խանգարող հանգամանք են։
-Նախ, անհասկանալի է՝ ինչու եվրոպացիները չեն մասնակցում, քանի որ սա Եվրոպայի խնդիրն է, որի մասին Թրամփը ևս հայտարարում է։ Եթե նա նման հայտարարություններ է անում, ինչո՞ւ է արգելում եվրոպացիներին մասնակցել բանակցություններին։ Տեսնում ենք՝ Ֆրանսիան փորձում է ինչ-որ քայլեր անել, բայց եթե Եվրոպան դեռ չունի ներուժ՝ ուղիղ խոսել Պուտինի հետ, ծաղրանքի է արժանանում Ռուսաստանի կողմից։ Լավրովը ծաղրում էր Ֆրանսիայի ղեկավարի փորձերը։ Անհասկանալի է, եթե նույնիսկ լինեն համաձայնություններ, և եվրոպացիները ներգրավված չլինեն, ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների տեղը որոշել։ Առ այսօր Եվրոպայում ավելի բարձր են հնչում ձայները, որոնք հակադրվում են ԱՄՆ-ին։ Թրամփը չունի գործիքներ՝ ստիպելու եվրոպացիներին կամ Ուկրաինային։ Ասում են՝ եվրոպացիները ներկա են եղել, բայց սենյակում չեն եղել, սակայն ակնհայտ է՝ ԱՄՆ-ն դեմ է, որ եվրոպացիները մասնակցեն, որպեսզի այս «առևտուրը» Ռուսաստանի հետ իրենք կատարեն։ Իմ կարծիքով, եվրոպացիների մասնակցությունը շատ կարևոր կլինի՝ հատկապես խստացնել Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները և ավելացնել ռազմական օգնությունը Ուկրաինային։
-Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի ընդունի պայմանագիր, որը կնշանակի տարածքային զիջում, բայց չի բացառել հակամարտության սառեցումը ներկայիս շփման գծով։ Արդյո՞ք դա կարող է համարվել իրական լուծում։
-Քանի Կրեմլի ղեկավարը Վլադիմիր Պուտինն է, որևէ լուծում չի կարող լինել, բացի սառեցումից, որովհետև պարզ է, որ նրան Դոնբասը պետք չէ. նպատակն է Ուկրաինայի ոչնչացումը կամ միավորումը Միութենական պետության հետ։ Եթե տնտեսությունը կարգավորվի, սանկցիաները հանվեն, և զինված ուժերը համալրվեն, Ռուսաստանը շարունակելու է խախտել հրադադարի ռեժիմը, և դա Ուկրաինայի ղեկավարն է տեսնում։ Զելենսկին խորամանկ քայլ է անում՝ առանց հանրաքվեի տարածքներ չզիջելու մասով, իսկ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի համաձայնի։ Նաև հանրաքվեի համար երկարաժամկետ հրադադար պետք է լինի, ինչը Ռուսաստանը մերժում է։ Համարում եմ, որ Ուկրաինայի ղեկավարի տեսակետը ճիշտ է՝ նա պետք է շարունակի և ցույց տա, որ Ռուսաստանը նույնիսկ ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելու համար մեկ օրից ավել հրադադարի չի ցանկանում գնալ։
Լիլիթ Աբրահամյան
