Վիեննայի ֆիլհարմոնիկը՝ փառքի, հակասությունների և պատմական ստվերների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վիեննայի ֆիլհարմոնիկը՝ փառքի, հակասությունների և պատմական ստվերների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի դասական երաժշտության ամենախորհրդանշական իրադարձություններից մեկը՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Նոր տարվա համերգը, այս տարի դարձել է ոչ միայն տոնական, այլև քննարկումների առիթ։ Ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր աֆրոամերիկացի կոմպոզիտոր Ֆլորենս Փրայսի «Rainbow Waltz»-ը։ Սակայն ստեղծագործության նվագախմբային մշակումը, որը այն ավելի «վիենական» է դարձրել, քննադատների կարծիքով ստվերել է բնօրինակի ինքնատիպությունը։ Համերգը ղեկավարած դիրիժոր Յաննիկ Նեզե-Սեգենը պաշտպանել է նոր տարբերակը՝ նշելով, որ այդ կերպ Փրայսի երաժշտությունը հասանելի է դառնում ավելի լայն լսարանների։

1842 թվականին հիմնադրված նվագախումբը վաղուց դարձել է Վիեննայի մշակութային դիմագծի խորհրդանիշը։ Նրա մշտական բեմը՝ Մուզիկֆերայնի Ոսկե սրահը, համարվում է աշխարհի լավագույն ակուստիկայով համերգասրահներից մեկը։ Նվագախումբը հայտնի է իր հարուստ և փափուկ հնչողությամբ, յուրահատուկ պորտամենտոներով և ավանդույթների հանդեպ բացառիկ հավատարմությամբ։ 

Սակայն այդ նույն հավատարմությունն է հաճախ դառնում քննադատության պատճառ։ Կանանց մասնակցությունը երկար տարիներ սահմանափակ է եղել, իսկ 1997 թվականին է միայն նրանց թույլատրվել լիարժեք անդամակցություն և մասնակցություն ֆիլհարմոնիկին։

Վիեննայի երաժշտական կյանքը 19-րդ դարում ձևավորվել է գաղափարական բախումների պայմաններում։ Ռիխարդ Վագների նորարարական գաղափարները մրցակցել են Յոհաննես Բրամսի դասական ավանդույթի հետ, և նվագախումբը կարողացել համադրել երկու ուղղությունները՝ ձևավորելով իր «ոսկե դարը»։ Այդ շրջանում ներկայացվել են Բրամսի սիմֆոնիաները, Չայկովսկու ջութակի կոնցերտը և Բրուքների ստեղծագործությունները։

Սակայն նվագախմբի պատմությունն ունի նաև մութ էջեր։ 1939 թվականին, նացիստական իշխանության օրոք, մեկնարկել է Նոր տարվա համերների շարքը, իսկ նվագախմբի անդամների զգալի մասը անդամակցել է նացիստական կուսակցությանը։ Հրեա երաժիշտները հեռացվել են, որոնցից մի քանիսը զոհվել են համակենտրոնացման ճամբարներում։ Պատերազմից հետո պատասխանատվության հարցը երկար ժամանակ մնացել է չբացված, և միայն 2013 թվականին է նվագախումբը բացել իր արխիվները պատմաբանների համար։

Այսօր Վիեննայի ֆիլհարմոնիկը շարունակում է պահպանել իր բացառիկ հեղինակությունը և համաշխարհային ճանաչումը։ Սակայն անցյալի ժառանգությունը և ժամանակակից պահանջները նրան կանգնեցնում են նոր ընտրությունների առաջ։ Նոր տարվա համերգում Ֆլորենս Փրայսի ստեղծագործության ընդգրկումը կարելի է դիտարկել որպես փոփոխության ազդակ, բայց ակնհայտ է, որ ավանդույթը դեռևս մնում է այս երաժշտական հաստատության գլխավոր ուժը։

Leave a Comment