18 փետրվարի 2026 – 16:29 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հուշագրի նշանակությանը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը Հունաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության լավ փորձ է կուտակել, իսկ մինչ այժմ իրականացված աշխատանքն ու հետագա ուղղությունների նախանշումը ամփոփվել են ստորագրված փաստաթղթում, հայտնում է Արմենպրեսը:
«Հունաստանի հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ և պատահական չէ, որ մեր գործընկերների հետ հանդես ենք գալիս լայն օրակարգով։ Այսօր մենք նախանշում ենք, թե ինչ ուղղություններով ենք առաջ շարժվում։ Դրանք շատ են` թվայնացում, ամպային տեխնոլոգիաներ: Այստեղ Հունաստանը հետաքրքիր փորձ ունի, որով մենք հետաքրքրված ենք»,-ասել է Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալը նաև ընդգծել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների խորացումն ու տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամերիկյան ներդրումներն ու ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի այլ գործընկերների շրջանում։
Հաստատվել է Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակն արտահանելու թույլտվությունը։ Նման չիպեր, ըստ Վենսի, աշխարհի մեծ մասում պարզապես գոյություն չունեն: Դրանք կօգտագործվեն արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու համար: Ակնկալվում է, որ այս նախագծի առաջին արդյունքները տեսանելի կլինեն արդեն այս տարվա ընթացքում: