Ներկայացնում ենք աշխատաշուկայում հնարավոր փոփոխությունների տարբերակներից մեկը՝ ո՞ր մասնագիտությունները կդառնան հատկապես արդիական, և որոնք կհայտնվեն ռիսկային գոտում
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ֆինանսական հատվածն ակտիվորեն անցնում է թվայնացման։ Բանկերի մեծ մասն արդեն վաղուց իրենց հաճախորդներին առաջարկում են առցանց վարկավորում, մոբայլ հավելվածներ, հեռահար նույնականացում և ներդրումային ծառայություններ։ Սա նշանակում է, որ համաշխարհային ֆինանսական շուկայի փոփոխություններն ուղղակիորեն անդրադառնում են նաև հայաստանյան աշխատաշուկայի վրա։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է աշխատաշուկայում հնարավոր փոփոխությունների տարբերակներից մեկը՝ ո՞ր մասնագիտությունները կդառնան հատկապես արդիական, և որոնք կհայտնվեն ռիսկային գոտում։
Հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը՝ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ ուղղությունները.
1. Ֆինթեք -լուծումների մշակող

Ֆինթեք- լուծումների մասնագետը զբաղվում է բանկային մոբայլ հավելվածների, վճարային ծառայությունների և առցանց վարկավորման համակարգերի ստեղծմամբ։ Գործունեության այս տեսակը հատկապես արդիական է դառնում երկրում, քանի որ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է ՏՏ ոլորտը, իսկ բանկերը ներդրումներ են կատարում թվային պրոդուկտներում։
2. Մեքենայական ուսուցման (ML) ինժեներ ֆինանսների ոլորտում

Զբաղվում է սքորինգային (վարկանիշավորման) մոդելների մշակմամբ և ռիսկերի կանխատեսմամբ: Ընդհանուր առմամբ, ML-ինժեները մշակում է ալգորիթմներ, ուսուցանում մոդելները, թեստավորում դրանք և ներդնում աշխատանքային գործընթացներում: Այս մասնագիտությունը պահանջում է տեխնիկական լավ կրթություն և վերլուծաբանի փորձ:
Ի գիտություն. Մեքենայական ուսուցումը (անգլ.՝ machine learning, ML) արհեստական բանականության ուղղություն է, որը թույլ է տալիս համակարգիչներին սովորել տվյալների հիման վրա, գտնել օրինաչափություններ և կանխատեսումներ անել՝ առանց յուրաքանչյուր խնդրի ուղիղ ծրագրավորման:
3.Data Scientist – Տվյալագետ (Տվյալների հետազոտող)

Սա այն մասնագետն է, ով «հում» տվյալները վերածում է պատրաստի բիզնես- լուծումների, զբաղվում է հաճախորդների տվյալների վերլուծությամբ և կանխատեսող մոդելների կառուցմամբ: Մասնագիտությունն առաջացել է երեք դիսցիպլինների՝ վիճակագրության, համակարգչային գիտությունների և բիզնես -վերլուծության հատման կետում: Այս գործունեության տեսակի նկատմամբ պահանջարկը կաճի թվային տվյալների կուտակմանը զուգընթաց: IBM-ի հետազոտության համաձայն՝ մինչև 2025 թվականը Data Scientist-ների պահանջարկն աճել է 39%-ով՝ 2020 թվականի համեմատ: Սա բացատրվում է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացով, այլև բիզնեսի համար տվյալների արժեքի հանդեպ աճող գիտակցմամբ:
4. Կիբեռանվտանգության մասնագետ

Սա այն պրոֆեսիոնալ մասնագետն է, ով զբաղվում է թվային սպառնալիքներից ու հարձակումներից տեղեկատվական համակարգերի, ցանցերի և տվյալների պաշտպանությամբ։ Նա ապահովում է բանկային հարթակների և անձնական տվյալների պաշտպանությունը։ 2026 թվականին կիբեռանվտանգության մասնագետը մի ինժեներ է, որը անվտանգությունը ներդնում է մշակման և ավտոմատացման գործընթացների մեջ, կազմակերպում է փոխգործակցությունը թիմերի հետ և գնահատում ռիսկերը բիզնես համատեքստում։ Մասնագիտության արդիականությունն աճում է, քանի որ առցանց գործառնությունների աճին զուգահեռ ավելանում են նաև կիբեռռիսկերը։
5. AI-ֆինանսական վերլուծաբան

Մասնագետ, որը զբաղվում է ալգորիթմների աշխատանքի արդյունքների մեկնաբանմամբ և դրանք բիզնես լուծումների վերածելով: Այս ոլորտում արհեստական բանականությունը կիրառվում է ֆինանսական տվյալների վերլուծության, եկամուտների և ծախսերի կանխատեսման, թաքնված օրինաչափությունների հայտնաբերման և ֆինանսական վերլուծության այլ առաջադրանքների համար։
6. Բլոկչեյնի և թվային ակտիվների մասնագետ

Սա այն պրոֆեսիոնալ մասնագետն է, ով տիրապետում է թվային ակտիվների և բաշխված ռեեստրների (distributed ledgers) տեխնոլոգիաներին: Նրա հիմնական խնդիրն է բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառող համակարգերի մշակումը, ներդրումը և կառավարումը, ինչպես նաև աշխատանքը ակտիվների թոքենացման և թվային ֆինանսական գործիքների հետ: Քանի որ կրիպտոարժույթները սերտորեն կապված են ֆինանսական շուկաների հետ, տնտեսագիտության հիմունքների և ֆինանսական գործիքների իմացությունն այս մասնագիտության համար պարտադիր է։
7. ԱԲ-ի կիրառմամբ ֆինանսական մոդելավորման մասնագետ

Սա ֆինանսական շուկաների և ներդրումների մասնագետ է: Նրա գործառույթների մեջ ներառվում են ֆինանսական շուկայի վերլուծությունը, ֆինանսատնտեսական ոլորտի վիճակագրական տվյալների ու փաստերի հավաքագրումն ու մշակումը, ինչպես նաև ներդրումային ռազմավարությունների և կապիտալի բաշխման մշակումը: Արհեստական բանականության ի հայտ գալով հնարավորություն է առաջացել ստեղծել ավելի դինամիկ ֆինանսական մոդելներ, իրականացնել սթրես-թեստավորում, կատարել սցենարային վերլուծություն և գնահատել բիզնեսի կայունությունը՝ անհամեմատ ավելի արագ ու ճշգրիտ։
Ավտոմատացման ռիսկային գոտում գտնվող մասնագիտությունները

Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, թվայնացման ճնշման տակ են հայտնվում՝
-սպասարկման սրահների աշխատակիցները,
-տիպային հայտերի մշակման մասնագետները,
-տվյալների մուտքագրման օպերատորները,
-հաշվապահական առօրյա (ռուտին) մշակումներ իրականացնող աշխատակիցները:
Խոսքը ոչ թե մասնագիտությունների անհետացման, այլ գործառույթների վերաբաշխման մասին է՝ ավելի շատ վերլուծություն և ավելի քիչ մեխանիկական գործողություններ:
Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի աշխատաշուկայի համար

Ֆինանսական հատվածի մասնագետների համար սա նշանակում է.
-թվային գործիքների տիրապետման անհրաժեշտություն,
-ալգորիթմների աշխատանքի սկզբունքների ընկալում,
-վերլուծական մտածողության զարգացում,
-կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների (կոմպետենցիաների) բարձրացում:
Ուսանողների և երիտասարդ մասնագետների համար սա ազդակ է՝ ընտրելու այնպիսի կրթություն, որը գտնվում է տնտեսագիտության և ՏՏ-ի հատման կետում:
Բանկերի գործող աշխատակիցների (և ոչ միայն նրանց) համար սա նշանակում է շարունակական կրթության անհրաժեշտություն:
Ի՞նչ է սա նշանակում ֆիզիկական անձանց համար

Ֆինանսական գրագիտությունն այսօր ներառում է ոչ միայն բյուջեն պլանավորելու կարողությունը, այլև հետևյալի ընկալումը.
-Ինչպես են ալգորիթմները գնահատում վարկունակությունը.
-Ինչ տվյալներ են օգտագործվում սքորինգի (վարկանիշավորման) ժամանակ.
– Ինչպես պաշտպանել սեփական անձնական տվյալները.
-Ինչպես են աշխատում ավտոմատացված ներդրումային ծառայությունները: Միևնույն ժամանակ, աճում է կարգավորման և ալգորիթմների որակի վերահսկողության դերը։
Գլխավոր եզրակացություն

Հայաստանի ֆինանսական շուկան դառնում է տեխնոլոգիական։ Մրցակցությունն ավելի հաճախ տեղի է ունենում ոչ միայն բանկերի միջև, այլև թվային ֆինանսների ոլորտում հմտություններ ու կոմպետենցիաներ ունեցող մասնագետների միջև։
Հարցն արդեն այն չէ, թե արդյոք արհեստական բանականությունը կմտնի հայաստանյան ֆինանսական համակարգ. այն արդեն այստեղ է։ Հարցն այն է, թե ով կկարողանա օգտագործել այն որպես գործիք, և ով կբախվի դրան որպես մրցակցի։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։