17 փետրվարի 2026 – 18:53 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ 25,000 քաղաքացի դեռ շարունակում է իր կենսաթոշակներն ու նպաստները ստանալ կանխիկ եղանակով։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
Նա կոչ է արել մինչև մարտի 5-ն ընտրել իրենց բանկը և անցնել անկանխիկ վճարման եղանակի, քանի որ այդ ամսաթվից հետո բանկն ընտրվելու է ինքնաշխատ եղանակով:
«Եթե մինչև մարտի 5-ը դա չարվի, մենք ենք անելու ձեր փոխարեն՝ բաշխելով որոշակի բանկերի միջև, և այդ բանկերից դուք կստանանք ձեր կենսաթոշակները և նպաստները»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանկի ինքնաշխատ ընտրության դեպքում քաղաքացիները կտեղեկացվեն հետադարձ կապի միջոցներով՝ հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում։ Բացի դրանից, ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է հատուկ հղում, որի միջոցով անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով՝ հնարավոր է պարզել ընտրված բանկը։
Մարտի 5-ը որպես վերջնաժամկետ սահմանվել է վճարման ցուցակների կազմման ընթացակարգով պայմանավորված։ Մարտի ցուցակները եղել են վերջինը, որտեղ ներառվել են կանխիկ եղանակով վճարում ստացողները, որից հետո սկսվել է ապրիլ ամսվա անկանխիկ վճարումների կազմակերպման փուլը։