18 փետրվարի 2026 – 10:22 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի խափանման միջոցները փոխարինվել են տնային կալանքով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք:
Հիշեցնեմ, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն և ապօրինի քրեական հետպնդում է իրականացվում»,- գրել է նա։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արմինե Ֆայանը:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Նազելի Սարգսյանի միջնորդությունը մերժելու մասին:
Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է վերացման:
Նաիրա Ալավերդյանի պաշտպաններ են հանդիսանում փաստաբաններ Մարինե Ֆարմանյանը և Վահագն Քեշիշյանը»,-ասվում է գրառման մեջ:
Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին նոյեմբերի 2-ին։ Նրանց մեղադրում են խուլիգանության և նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ։