Օրեր առաջ ցամաքային ճանապարհով Հայաստան էին եկել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներ։ Հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի քաղհասարակության հետ, որի առանցքում եղել են խաղաղության գործընթացի հեռանկարները, ապաշրջափակման հնարավորությունները, մեդիա համագործակցությունը և տնտեսական կապերի վերականգնումը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
-Ինպչե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի քաղհասարակության այցը։
-Այցելությունը այն պրոցեսի շրջանակում է, որը ծավալվում է քաղաքական մակարդակում՝ օգոստոսի 8-ից հետո առավել ինտենսիվ և շրջանակում սպասարկում է ընդամենը քաղաքական պրոցեսի նպատակները։ Այդ նպատակները կապված են Հայաստանի նախընտրական շրջանի հետ, նկատելի աջակցություն է նախընտրական խնդիրների լուծմանը։ Մյուս կողմից նաև խաղաղության գործընթացը ընդհանուր առմամբ իր տրամաբանությամբ ծավալվում է հետևյալ սկզբունքով. Ադրբեջանի պայմանների բավարարում և դրանց Հայաստանի քաղաքականության ադապտացիա, և քաղաքացիական տրեկը բավարարում է այս տրամաբանությունը և Ադրբեջանի փափուկ ուժի առաջխաղացման մի մեխանիզմ է։
-Արդյո՞ք սա չի ապացուցում, որ խաղաղությունը կարող ենք համարել հաստատված, երկրների ներկայացուցիչները կարողանում են փոխայցեր անել։ Ալիևը ևս հայտարարել է, որ սահմաններին խաղաղություն է հաստատվում. ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։
-Խաղաղությունը ընդհանրապես պայմանավորված չէ նրանով՝ 2 կողմերը միմյանց երկիր ազատ գնում-գալիս են, թե ոչ, բազմաթիվ օրինակներ կան, որոնք ազատ գնացել-եկել են միմյանց երկիր, հետո հայտնվել են պատերազմի փուլում։ Հետևաբար, դա քարոզչական պատկերացումն է, թե այդ շփումները խաղաղության գրավականը։ Խաղաղության գրավականը ուժերի բալանսն է կամ անմիջական սուբյեկտների միջև, որոնք մեծ ազդեցություն ունեն նաև ռեգիոնալ իրավիճակի վրա։ Ներկայումս ռեգիոնալ իրավիճակը այնպիսի տրամաբանության մեջ է, որ ապակայունացումը չի բխում որևէ առանցքային ուժի շահերից, և տեսնում ենք, որ դա իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերության վրա։ Ընդգծեմ, որ բազմաթիվ սերտ շփումներ են եղել ոչ միայն երկրների, այլ նույնիսկ ղեկավարների միջև, անգամ՝ ընկերական, բայց կարճ ժամանակ անց նրանք դարձել են պատերազմող կողմ։
-Նա նաև անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով, որ ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։ Արդյոք սա խաղաղության գործընթացին չի հակասում։
-Այս մոտեցումը հենց այն տրամաբանության շրջանակում է, որ խաղաղության գործընթացը իրենից ներկայացնում է գործընթաց, որտեղ Հայաստանը ադապտացվում է Ադրբեջանի պայմաններին։ Գերիները պայման թելադրելու միջոց են Ադրբեջանի համար, և երբ Ալիևը հայտարարում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներման ենթակա չէ, սա նշանակում է, որ նա պարզապես բարձրացնում է պատանդների գինը։ Իհարկե, հասկանալի է, որ այստեղ հարցի լուծումը լինելու է քաղաքական տիրույթում։ Նա նաև այդ նկատառումով է իրականացրել դե ֆակտո պատանդառումը, ես նրանց համարում եմ ավելի շուտ պատանդներ, քան գերիներ։ Պատանդ են վերցվել Հայաստանին պայմաններ թելադրելու համար, և գուցե ոչ միայն Հայաստանի, այլ այդ թեմայով Ադրբեջանը, անկասկած, դեռևս իր սակարկություններն է իրականացնում նաև արդեն ավելի խոշոր խաղացողների, հիմա նաև Միացյալ Նահանգների հետ։
Լիլիթ Աբրահամյան
