17 փետրվարի 2026 – 15:57 AMT
PanARMENIAN.Net – Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմո Աբովյանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած հայցադիմումը։ Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի հայցը, որի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Հովհաննես Մելքոնյանը։
Դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել կարգալույծ քահանաների պաշտոնավարումը, հայտնում է Factor.am-ը:
Դատարան դիմած Ստեփան Ասատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը, որով ինքը կարգալույծ է հռչակվել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից, և որպես հետևանք վերականգնել իրեն նույն պաշտոնում։ Հայցվոր Արամայիս Թախմազյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունն ու վերականգնել իրեն նույն պաշտոնում։
Հայցադիմումներին կից ներկայացվել են նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություններ։
Մասնավորապես՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը պահանջել է․ 1․ պարտավորեցնել պատասխանողին և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել իր պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում,
2․ արգելել պատասխանողին և ցանկացած այլ անձի իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել իրեն՝ որպես Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի, իրականացնել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կանոնադրությամբ և այլ կիրառելի կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։
Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցնելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում մինչև քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Արամայիս Թախմազյանը՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը ևս պահանջել է պարտավորեցնել պատասխանողին և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել իր պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: