1000 դրամի գազ՝ կեղծ 20 հազարով․ ինչպես է վանաձորցին հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում

47-ամյա վանաձորցին գազի դիմաց վճարել է կեղծ թղթադրամով

1000 դրամի գազ՝ կեղծ 20 հազարով․ ինչպես է վանաձորցին հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում


ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 9-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16-ի սահմաններում «Օպելի» վարորդը լիցքավորելով 1000 դրամի գազ՝ վճարել է 20 000 դրամանոցով և ստանալով մանրը՝ լիցքավորողին խնդրել է մանրել ևս մեկ 20 000 դրամանոց: Որոշ ժամանակ անց լիցքավորողը նկատել է, որ երկու թղթադրամն էլ կեղծ են:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչը:


Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ 47-ամյա տղամարդը գտնվում է Հրազդան քաղաքում: Համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Գուգարքի բաժին և հայտնել, որ հուշանվեր-թղթադրամները ձեռք է բերել օնլայն գնումների հարթակի միջոցով, նաև ներկայացրել է 20 000 դրամ անվանական արժողությամբ 46 հուշանվեր-թղթադրամ։


47-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Leave a Comment