Թվայնացվել է դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը

Թվայնացվել է դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը

17 փետրվարի 2026 – 15:09 AMT

PanARMENIAN.Net – Ուսումնական հաստատության տնօրենի մրցութային գործընթացն ամբողջապես թվայնացվել է: Հստակ ամրագրվում է, որ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը հրապարակվում է բացառապես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում:

Նույն հարթակում հրապարակվում են նաև ուսուցչի և ոչ մանկավարժական հաստիքների թափուր տեղերի հայտարարությունները, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ըստ որոշման՝ տնօրենի հավակնորդները մասնակցության հայտերն ու զարգացման ծրագրերը նույնպեսներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը, տնօրենի պաշտոնի հավակնորդների մասնակցության թափանցիկությունը։ Փոփոխության նպատակը մինչ այժմ փաստաթղթային եղանակով իրականացվող ընթացակարգերը պարզեցնելն է՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների տնօրենի նշանակման գործընթացում սահմանվել է նաև գործուղման կարգավորում, վերոնշյալ կարգում նախատեսվել են համապատասխան դրույթներ: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի գործուղման գործընթաց կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել:

Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման կարգը կհաստատվի առաջիկայում՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Գործուղման միջոցով նշանակվող տնօրենը նույնպես պետք է ներկայացնի զարգացման ծրագիր, որը կներկայացվի փորձաքննության և դրական եզրակացության դեպքում հաջորդաբար համապատասխան թեկնածուն կմասնակցի հարցազրույցի փուլին, որն անցկացնում է մասնագիտական հանձնաժողովը։ Որոշման մեջ կատարված փոփոխությունների նպատակն է հստակեցնել և իրավական տեսանկյունից ամրագրել տնօրենի նշանակման գործուղման մեխանիզմը՝ որպես մրցութային ընթացակարգի կիրառման անհնարինության դեպքում կիրառվող այլընտրանքային լուծում՝ միաժամանակ պահպանելով թափանցիկության, օբյեկտիվության և մասնագիտական գնահատման սկզբունքները:

Որոշումը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» թիրախներին և նպատակ ունի բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը՝ կառավարման գործընթացների թվայնացման և կրթական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղություններով։

Leave a Comment