5 անգամով պակաս ծառերի ծածկույթ ունենք, քան հիգիենիկ ստանդարտն է. Երևանում ծառահատումները պետք է արգելվեն. Քրիստինա Վարդանյան

Տարիների ընթացքում Երևանում աղտոտվածության մակարդակը փոփոխվել է. եթե 2000-ականների սկզբին օդի հիմնական աղտոտիչը համարվում էր տրանսպորտը, ապա վերջին 5-7 տարիներին շինարարարության բումի պայմաններում տրանսպորտային արտանետումներն իրենց տեղը զիջել են շինարարական փոշուն և արտանետումներին։ Factor TV-ի եթերում այս մասին ասաց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Ըստ բանախոսի՝ աղտոտվածության զգալի մասն էլ բաժին է ընկնում արտադրությանը՝մասնավորապես  հանքարդյունաբերությանը։

«Երևանի բոլոր շինհրապարակների ծանր ավտոմեքենաներն աշխատում են դիզվառելիքով, իսկ այն աղտոտվածության մեծ աղբյուր է։ Մարդիկ ներշնչում են տրանսպորտային արտանետումներով աղտոտված օդը։ Եվ, իհարկե, ունենք աղբավայրեր։ Բավական է միայն Նուբարաշենի աղբավայրը՝ որպես աղտոտվածության մեծ աղբյուր։ Երևանի դիրքն այնպիսին է, որ աղտոտված օդը մեծ դժվարությամբ է դուրս գալիս, և մենք մեզ զրկել ենք մեր պաշտպանիչ շերտերից»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Քննարկմանը ներկա Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դոցենտ Քրիստինա Վարդանյանն իր հերթին շեշտեց՝ երևանցիների առողջությանը չվնասելու համար Երևանում ծառահատումներ ոչ մի դեպքում չպետք է իրականացվեն, ավելին՝ լանջերը պետք է ակտիվ կանաչապատվեն։

«Երևանը միշտ էլ փոշոտ քաղաք է եղել, և փոշին լանջերից գալիս է դեպի քաղաքի կենտրոն։ Դեռ խորհրդային տարիներին խնդիր էր դրված եղել աճեցնել այնպիսի ծառատեսակներ, որոնք կնստեցնեն փոշին։ Խնդիր կար նաև կանաչապատել լանջերը, ինչն էլ արվեց։ Արդեն 80-ականներին մենք ունեինք սաղարթները միմյանց կպած անտառային ծածկ՝ 5 հա Նորքի լանջերին, Սարալանջին, «Հաղթանակ» զբոսայգու ներքևի հատվածում»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի այն հայտարարությանը, որ վերջին 22 տարիներիների ընթացքում Երևանում չի արվել այնքան կանաչապատում, որքան վերջին 3 տարում, բանախոսը հորդորեց ճիշտ տվյալներ զեկուցել Տիգրան Ավինյանին, որպեսզի նա տիրապետի ճիշտ թվերին։

Քրիստինա Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե 2021-ին իրենք Մաշտոցի պուրակում հատել են 100 տոկոսով չորացած ծառերը, ապա գործող քաղաքային իշխանությունն այսօր հատում է սաղարթախիթ, լիովին առողջ ծառերը։

«Խորհրդային տարիներին մասնագետները թեղին հենց այնպես չէին ընտրել, որովհետև այն, որպես ծառատեսակ, մյուսներից տարբերվում է միավոր մակերեսին նստեցրած փոշու զանգվածով։ Դրա համար էին թեղիներ տնկում։ Փողոցների ծառերն ուղղակի գեղեցկության մասին չեն, դրանք էկոծառայության մասին են՝ մեղմելու արևի ճառագայթները, նստեցնելու փոշին ու արտանետումները։

Մենք COP (ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի համաժողով`խմբ.) ենք ընդունում մեր քաղաքում, բայց ինչ ենք արել դրանից առաջ՝ հատել ենք բոլոր ծառերը, թռչուններին հանել ենք իրենց էկոհամակարգից»,- նշեց բանախոսը։
Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունների կողմից գովերգվող գեղազարդ ծառերը ոչ մի կերպ չեն նպաստում ասֆալտի ջերմաստիճանի կայունացմանը, այնինչ ասֆալտից անջատվող նյութը քաղցկեղածին է։

«Փողոցների կանաչապատումն օդափոխության միջանցք է, այսինքն՝ մենք ոչնչացնում ենք օդափոխության միջանցքները։ Մենք 5 անգամ ավելի պակաս ծառերի ծածկույթ ունենք, քան հիգիենիկ ստանդարտն է։ Ընդունված ցուցանիշ կա՝ քաղաքի 20 տոկոսը պետք է ծառային ծածկույթով փակված լինի, հակառակ դեպքում բնակիչների շրջանում սկսվում է թթվածնաքաղց և վնասակար նյութերով թունավորում»,- նշեց բանախոսը՝ շեշտելով, որ Երևանում ծառահատումները պետք է արգելվեն։

Leave a Comment