Էլի նախկիններին են մեղադրում – BlogNews.am



Երևանի փողոցների խայտառակ վիճակին Ավինյան Տիկոյի տեղակալ Փամբուխչյան Արմենն է անդրադարձել ու ծակ ասֆալտների թեման գցել այսպես ասած նախկինների գրպանը. պնդել է, թե ծակվող, փոս ընկնող հատվածներն այն հատվածներն են, որոնց ասֆալտապատմամբ իրենք երբեք չեն զբաղվել, իսկ այն հատվածները որոնք վերանորոգվել են իրենց կողմից, շատ էլ ամուր են ու դիմացկուն: «Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում: Իհարկե, անկախ ամեն ինչից՝ հետևողական ենք լինելու, որ բոլոր խնդիրները լուծումներ ստանան»,-մասնավորապես՝ գրել է ՔՊ-ականը:

Հարց՝ Տիկոյի տեղակալը չի՞ իմանում, որ ասֆալտբետոնե ծածկույթն ունի շահագործման երաշխիքային և նորմատիվային ժամկետներ, հետևաբար՝ ցանկացած ճանապարհահատված, որը վերջին 5 տարում չի սպասարկվել կամ վերանորոգվել, արդեն իսկ գտնվում է գործող իշխանության պատասխանատվության տիրույթում։ Եթե փողոցների հին հատվածները քայքայվում են, ապա քաղաքային իշխանության պարտականությունն է մշտադիտարկման միջոցով բացահայտել ռիսկային գոտիները և թույլ չտալ, որ փոսերը վերածվեն խրամատների։

Փողոցների խայտառակ վիճակը վկայում է նախևառաջ կառավարման հարցում Երևանի քաղաքապետարանի կողմի իրականացվող մենեջմենթի տապալման մասին։ Փոխանակ ընդունելու խնդրի մասշտաբայնությունը և ներկայացնելու օպերատիվ լուծման ժամանակացույց՝ Փամբուխչյան Արմենը փորձել է խուսափել պատասխանատվությունից՝ չհասկանալով, որ նման կերպ միայն է՛լ ավելի է խորացնում ՔՊ-ի հանդեպ ատելությունը. խնդիրը ոչ թե ասֆալտի ծագումնաբանությունն է, այլ սպասարկման և կառավարման որակը, որն ուղղակի բացակայում է Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment