17 փետրվարի 2026 – 11:29 AMT
PanARMENIAN.Net – Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որտեղ ներկայացվել են հիմնական մակրոտնտեսական միտումները։
Դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը արագացել է՝ հասնելով 14․4 տոկոսի (տ/տ), ինչի արդյունքում տարեկան աճը կազմել է 9․2 տոկոս։ Ռուսաստանից զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակել են աճել՝ զուտ տարեկան ներհոսքը ավելացնելով 53 տոկոսով (տ/տ)։
Հունվարին գնաճը բարձրացել է մինչև 3․8 տոկոս՝ հիմնականում սննդամթերքի թանկացմամբ պայմանավորված։
2025 թ․ արտահանումն ու ներմուծումը նվազել են՝ թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցման հետևանքով, և 2020 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտահանման և ներմուծման տարեկան անկում։ Նույն թվականին գրանցվել է կանխատեսված՝ տարեկան ՀՆԱ-ի 3․8 տոկոսին համարժեք բյուջեի պակասուրդ։
Դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է՝ կազմելով 14․4 տոկոս (տ/տ)՝ նոյեմբերի 11․5 տոկոսի համեմատ։ Աճը շարունակել են խթանել արդյունաբերությունն ու շինարարությունը։
Արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 38․6 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված մշակող արդյունաբերության 43․3 տոկոս աճով (հիմնականում՝ հիմնական մետաղների արտադրություն) և հանքարդյունաբերության 34․9 տոկոս ընդլայնմամբ։ Էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրությունն աճել է 13 տոկոսով (տ/տ)՝ երկու ամիս անընդմեջ անփոփոխ մնալուց հետո։ Շինարարության ոլորտում աճը շարունակվել է՝ հասնելով 20․5 տոկոսի (տ/տ)։
Ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) աճը դանդաղել է՝ նախորդ ամսվա 11․2 տոկոսի փոխարեն կազմելով 8․2 տոկոս (տ/տ)։ Մեծածախ և մանրածախ առևտրի աճը կրկնապատկվել է՝ հասնելով 3․2 տոկոսի (տ/տ)՝ նոյեմբերի 1․5 տոկոսի համեմատ։
2025 թ․ տնտեսական աճը կազմել է 9․2 տոկոս (տ/տ), որը գերազանցել է ինչպես 2024 թ․ ցուցանիշը, այնպես էլ նախնական կանխատեսումները։ Նույն տարում գրանցված բիզնեսների թիվն աճել է 6․3 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում անհատ ձեռնարկատերերի հաշվին։
Դեկտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 14․2 տոկոսով (տ/տ)։ Դա պայմանավորված է եղել Ռուսաստանից ներհոսքի 37․7 տոկոս աճով (որը կազմել է ընդհանուրի 52 տոկոսը) և Միացյալ Նահանգներից փոխանցումների 9․4 տոկոս ավելացմամբ։ 2025 թ․ զուտ ընդհանուր ներհոսքը կազմել է 714 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 53․5 տոկոսով և վերականգնման միտում ձևավորելով 2024 թ․ անկումից հետո, թեև այն դեռ ցածր է մնացել 2023 թ․ գրանցված 880 միլիոն ԱՄՆ դոլարից։
Հունվարին գնաճը հասել է 3․8 տոկոսի (տ/տ)։ Գնաճի մոտ երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 5․9 տոկոս թանկացմամբ։ Մնացած մասը ձևավորվել է ալկոհոլային խմիչքների 9 տոկոս, առողջապահության 3 տոկոս, տրանսպորտի 4.3 տոկոս և կրթության 8.3 տոկոս գնաճով։
Փետրվարի 3-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6․50 տոկոսի մակարդակում։
Դեկտեմբերին արտահանման և ներմուծման աճը շարունակվել է՝ դառնալով 2025 թ․-ի միայն երկրորդ դրական ամիսը։ Արտահանումն աճել է 34․3 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծումը՝ 30․4 տոկոսով (տ/տ)։ Դա հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների առևտրի ծավալների աճով՝ համապատասխանաբար 43.2 և 56.6 տոկոս։ Սակայն այդ ապրանքների արտահանումը 2025 թ․ դեկտեմբերին 50․2 տոկոսով զիջել է 2023 թ․ դեկտեմբերի բարձր ցուցանիշին։
Զգալի աճ է արձանագրվել նաև պատրաստի սննդամթերքի (70․8 տոկոս, տ/տ) և հանքանյութերի (62 տոկոս, տ/տ) արտահանման մասով, ինչի արդյունքում դրանց մասնաբաժինը ընդհանուր արտահանման կառուցվածքում 21 տոկոսից հասել է 26 տոկոսի։
Կուտակային հաշվարկով՝ 2025 թ․ արտահանումը նվազել է 36․1 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծումը՝ 23․6 տոկոսով (տ/տ)՝ դառնալով առաջին տարեկան անկումը 2020 թ․-ից ի վեր։ Թանկարժեք մետաղներն ու քարերը չհաշված՝ արտահանումն աճել է 8․9 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծումը՝ 7․5 տոկոսով (տ/տ)։
Տարվա առաջին կիսամյակում 4․1 տոկոս անկումից հետո երկրորդ կիսամյակում զբոսաշրջային այցելություններն աճել են 7․5 տոկոսով (տ/տ)՝ ապահովելով տարեկան 2․5 տոկոս աճ, որոնցից 41 տոկոսը բաժին է հասել Ռուսաստանից ժամանածներին։
Հունվարին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվել է 0․4 տոկոսով (ա/ա)։ Տարեկան կտրվածքով դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 4․5 տոկոսով, իսկ եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 8.1 և 24.2 տոկոսով։
Համախառն միջազգային պահուստներն աճել են մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով՝ հասնելով 5․2 միլիարդի, որը համարժեք է 4․1 ամսվա ներմուծման ծածկույթի։
Դեկտեմբերին առևտրային բանկերի ավանդներն աճել են 5․6 տոկոսով (ա/ա), իսկ վարկավորումը՝ 2․6 տոկոսով (ա/ա)։ Տարեկան փոխարժեքով ճշգրտված աճը կազմել է 17 տոկոս ընդհանուր ավանդների և 25․2 տոկոս վարկերի դեպքում։ Ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն՝ կապիտալի համարժեքությունը կազմել է 20․7 տոկոս, իսկ չաշխատող վարկերի մակարդակը՝ 1․3 տոկոս։
Դեկտեմբերին բյուջետային պակասուրդը կազմել է գնահատված տարեկան ՀՆԱ-ի 1․4 տոկոսը՝ 2025 թ․ ընդհանուր պակասուրդը հասցնելով 3․8 տոկոսի, որը ցածր է եղել տարեկան ծրագրային մակարդակից։ Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները նվազել են 1.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված այլ եկամուտների 66 տոկոս կրճատմամբ։ Միաժամանակ հարկային եկամուտներն աճել են 17․3 տոկոսով՝ ԱԱՀ-ի, եկամտային և շահութահարկի հաշվին, մինչդեռ բնապահպանական հարկերը նվազել են 17․2 տոկոսով։
Ընդհանուր ծախսերն աճել են 1․5 տոկոսով (տ/տ)։ Ընթացիկ ծախսերը բարձրացել են 7․1 տոկոսով՝ աշխատավարձերի 15․5 և տրանսֆերտների 24․3 տոկոս աճով։ Կապիտալ ծախսերը կրճատվել են 7․7 տոկոսով՝ պաշտպանական ծախսերի 18․7 տոկոս նվազմամբ և նախորդ տարվա բարձր բազայով պայմանավորված։ Միաժամանակ կրթական կապիտալ ծախսերն աճել են 35․5 տոկոսով։
2025 թ․ ընդհանուր եկամուտներն աճել են 11․9 տոկոսով, իսկ ընդհանուր ծախսերը՝ 11․8 տոկոսով, ինչի արդյունքում ձևավորվել է գնահատված տարեկան ՀՆԱ-ի 3․8 տոկոսի չափով բյուջետային պակասուրդ, որը բարձր է եղել 2024 թ․ 3․6 տոկոս ցուցանիշից։