17 փետրվարի 2026 – 10:50 AMT
PanARMENIAN.Net – Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիության հնարավոր խախտման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ընթացող քրեական վարույթով նշանակվել և արդեն ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացություն, որով հաստատվել է, որ տեսանյութերում պատկերված է հենց նա, հայտնում է Արմենպրեսը Քննչական կոմիտեի վրա հղումով։
Անդրադառնալով շրջանառվող երեք տարբեր փորձագիտական եզրակացությունների մասին փաստաբանի հայտարարությանը՝ ՔԿ-ն նշել է, որ այդ եզրակացությունները չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
«Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ուստի վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ երեք տարբեր երկրներից ստացել է իր նախաձեռնությամբ պատվիրված փորձաքննությունների արդյունքները, որոնք, նրա փոխանցմամբ, հաստատել են Խաչատրյանի այն պնդումները, որ ինքն առնչություն չունի իրեն վերագրվող տեսանյութի բովանդակության հետ։