16 փետրվարի 2026 – 18:21 AMT
PanARMENIAN.Net – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին փոխանցելու օրակարգ չկա անգամ տեսական հարթությունում։ Նա այսպես է արձագանքել հարցին, թե արդյոք ՀԷՑ-ի կառավարումը գոնե տեսականորեն հնարավոր է հանձնել թուրքական ընկերության։
Մեսրոպյանը նշել է, որ նման թեզեր հնչում են ընդդիմախոսների կողմից, սակայն դրանք որևէ օբյեկտիվ հիմք չունեն, հայտնում է 1lurer.am-ը:
«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում: Հետևաբար, այս պահին հողի վրա, ռեալ իրականության մեջ թուրքական որևէ ընկերության ՀԷՑ վաճառելու որևէ նշան չեմ տեսնում»,- ասել է նա:
Մեսրոպյանը հայտարարել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ հնարավոր է ՀԷՑ-ը ճանաչվի հանրային գերակա շահ, հայտնում է Radar Armenia-ն:
«Երեք ամսվա ժամանակահատվածը դեռ չի ավարտվել, առաջիկա օրերին կիրազեկվեք այդ մասին, գաղտնի որևէ գործընթաց չկա»,- ասել է նա
Պետությունն այս փուլում, երբ դադարեցրել ենք ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան, հաջորդ փուլը դա է՝ եռամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ դրույթի սեփականության օտարման գործընթաց սկսի և դրա շրջանակներում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին։
Եթե գան համաձայնության, շատ լավ, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը։ Իսկ եթե չի լինի համաձայնություն, իսկ այս պահին չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի ելքը, այո, դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, օրենքի այդ կետով կշարունակվի ՀԷՑ բաժնեմասերի ու գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը»,-ասել է նա:
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: