«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական ընտրություններն անցել են ուղղորդված քվեարկությամբ, ինչի հետևանքով ցուցակում հայտնվել են ոչ միայն հայտնի դեմքեր, այլև թիմի «գորշ կարդինալների» մտերիմներ, կուսակցության գործավարուհին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ շատերն են դժգոհ մնացել գործընթացից և կարծում են, որ տեղի են ունեցել ուղղորդված ընտրություններ: «Չնայած արգելված են եղել քարոզչությունն ու պատվիրակներին «մոտենալը», սակայն շատերը դա արել են, ուստի ոմանց արդյունքները շատ հեռու են իրենց իրական վարկանիշներից՝ «ոմանք ավելին են ստացել, ոմանք` ցածր», հավելել է պարբերականը։
Ըստ հրապարակման՝ առանձնակի քննարկման առարկա է դարձել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի 24-րդ տեղը՝ 431 ձայնով, կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի 28-րդ տեղը՝ 402 ձայնով, կուսակցության գրասենյակի գործավարուհի Քնարիկ Հարությունյանի՝ առաջին 50-յակում հայտնվելը՝ 298 ձայնով: Թերթի հաղորդմամբ՝ ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 554 ձայնն է․ սեպտեմբերին՝ վարչության ընտրությունների ժամանակ, նա 404 ձայն էր ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկված 50 թեկնածուների համար առաջիկա օրերը լինելու են վճռորոշ և թեժ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 13-ից 15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել է ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել են շուրջ 1100 պատվիրակներ: Նրանք 276 հոգանոց ցուցակից ընտրել են 50-ական թեկնածու: Քվեարկության արդյունքներով ձևավորվել է նախնական ռեյտինգային ցուցակը՝ ձայների նվազման կարգով: ՔՊ-ում երկրորդ փուլի քվեարկությունը նշանակված է մարտի 27-28-ը: Այս փուլում պատվիրակները 50 թեկնածուներից կընտրեն վարչապետի թեկնածուին և կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնների հավանական թեկնածուների տեղերը:
