Ադրբեջանն Արցախի օկուպացված որոշ տարածքներ ներառում է զբոսաշրջային ուղղությունների մեջ

Ադրբեջանն Արցախի օկուպացված որոշ տարածքներ 2021-ից ներառում է զբոսաշրջային ուղղությունների մեջ, հայտնում է Monument Watch-ը։

Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության՝ պատրաստվել են Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման հայեցակարգերը։ Մշակվել է նաև «Հաղթանակի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը սկիզբ է առնում Վարանդայի շրջանից։

Նախագիծը շեշտել է, որ կազմակերպվող այցելությունները կրում են քարոզչական բնույթ։ «Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարության հիմքում ընկած նարատիվը կառուցված է պարզ տրամաբանության վրա․ մինչ «ազատագրումը» տարածքը ներկայացվում է որպես դատարկ, հետամնաց կամ անկենսունակ, իսկ դրանից հետո՝ որպես զարգացող, բաց ներդրումների համար, միջազգային միջոցառումներ հյուրընկալող տարածաշրջան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սակայն այցելել Արցախ կարելի է միայն հատուկ թույլատրությամբ, ինչն իրականացվում է մի շարք պետական հարթակների միջոցով։ Մասնավոր մեքենաներով ուղևորությունների թույլտվության ժամկետը 5 օր է: Անձնական մեքենայով հնարավոր է մեկնել միայն մի քանի թույլատրված ուղղությամբ։ 2025 թվականի հուլիսից սկսած՝ օտարերկրյա քաղաքացիներին նույնպես թույլ է տրվել համապատասխան թույլտվություններ ստանալով այցելել Արցախ։ «Մեր ճանապարհը դեպի Ղարաբաղ» պետական հարթակում անցկացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին տարածաշրջան է այցելել ընդհանուր առմամբ 2 մլն 549 հազար 857 մարդ։ Այցելությունների թվով առաջին տեղում են Շուշին, Լաչինը և Ստեփանակերտը։

Leave a Comment