ՔԿ-ն մեկնաբանել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների փորձաքննության արդյունքները

Քննչական կոմիտեն մեկնաբանել է փաստաբան Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, որ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որևէ առնչություն չունի նախկինում տարածված տեսագրությունների բովանդակության հետ։

ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար։

«Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ»,- նշել են ՔԿ-ից։

ՔԿ-ից հավելել են, որ Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարութով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը:

Leave a Comment