Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վաղը Բաքուն կհրապարակի ևս մեկ պատանդի՝ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը: Թերևս մեծ հավանականությամբ այն լինելու է նույնը՝ ցմահ ազատազրկում: Ինչպես նշել եմ Արցախի ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների վերաբերյալ, այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է:
Խնդիրը լուծելու տարբերակը Հայաստանի որակների փոփոխությունն է՝ պետական ներուժից մինչև դիվանագիտական հմտություն ու մոբիլիզացիա, նկատի ունեմ համահայկական ռեսուրսը, բայց ոչ թե Սփյուռք հասկացության կենացի, այլ թիրախային կարողությունների իմաստով:
Միևնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումն իհարկե բոլորովին «ֆորմալության» հարց չէ, այլ թերևս ավելի բազմազան շերտերի, որոնց ուղղությամբ նրա պատանդառության վրա փորձում է խաղալ Ալիևը: Դա առավել ևս պահանջում է լուծումների փնտրտուքի առավելագույնս լայն ճակատի անհրաժեշտություն»: