Մոսկվայի դատարանը Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա դատապարտել է ութ տարվա ազատազրկման

Մոսկվայի Գոլովինսկի դատարանը Дождь-ի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա կարգով դատապարտել է ութ տարվա ազատազրկման, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հաղորդավարուհին մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածման հոդվածով։ Դատախազությունը Կոտրիկաձեի համար պահանջել էր ինը տարվա ազատազրկում։

Կոտրիկաձեի դեմ քրեական գործ է հարուցվել 2025 թվականի հուլիսին՝ բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և որպես օտարերկրյա գործակալ իր պարտականությունները չկատարելու համար։ Մյուս մեղադրյալների թվում էին նրա ամուսինը՝ Дождь-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, և հեռուստաալիքի հաղորդավարուհի Վալերիա Ռատնիկովան։

2025 թվականի հոկտեմբերին Քննչական կոմիտեն միջնորդել էր հեռակա կարգով ձերբակալել լրագրողին, Ձյադկոն ևս ձերբակալվել էր հեռակա կարգով։

Дождь-ը 2023 թվականին հայտարարվել էր անցանկալի, և գլխավոր դատախազությունը հեռուստաալիքին մեղադրել էր «ծայրահեղական կազմակերպությունների, ահաբեկչական կազմակերպությունների և օտարերկրյա գործակալների նյութեր տարածելու» և կառավարությանը վարկաբեկելու մեջ։

Leave a Comment