Հայրապետյան․ Կառավարությունը կաջակցի «Հայասաթ 2» արբանյակի մշակմանը

Հայրապետյան․ Կառավարությունը կաջակցի «Հայասաթ 2» արբանյակի մշակմանը

16 փետրվարի 2026 – 16:46 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման գործընթացին՝ մասնավորապես հարկային արտոնությունների տրամադրման ձևաչափով։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Հայկական «Հայասաթ» արբանյակի մասին շատ նոր տեղեկություն չեմ կարող հայտնել։ Այն իր առաքելությունն ավարտեց 2025 թ. վերջին ամիսներին, և արդեն իսկ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին՝ Երկրի հեռավար դիտարկման տեսակի կամ տիեզերալուսանկարահանող արբանյակ ձեռքբերելու մասին»,– հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ «Հայասաթ» տիպի արբանյակները մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի համար։

«Այս արբանյակները մեր երկրի համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ են և անգնահատելի արժեք ունեն գիտության, հետազոտության և նորարարության իմաստով Հայաստանի ներսում սեփական կարողություններով, գիտելիքներով արբանյակ նախագծելու և գործարկելու իմաստով, սակայն ֆունկցիոնալ առումով հասկանալի է, որ դեռևս ոլորտը զարգացման երկար ճանապարհ պետք է անցնի առավել մեծ ամբիցիաներ իր առջև դնելու համար»,– ասել է Հայրապետյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ հենց այդ պատճառով «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման աշխատանքների շրջանակում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Բազունքի» գործընկերներին՝ հատկապես հարկային արտոնությունների տրամադրման ուղղությամբ։

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ–1»-ը իր առաքելությունն ավարտել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Այն Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել է Իսպանիայում, թեև իրականացվել է Հայաստանի կառավարության պատվերով։

«Հայասաթ-1»-ը 2023 թվականի դեկտեմբերին հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր՝ մոտ 550 կմ բարձրության վրա, հնգամյա ծառայության նախատեսված ժամկետով, սակայն առաքելությունն ավարտվել է 2025 թվականի ապրիլին։

Leave a Comment