ՀԾԿՀ նախագահ․ Ատոմակայանի նախատեսվածից երկար կանգառը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի առաջացնի

ՀԾԿՀ նախագահ․ Ատոմակայանի նախատեսվածից երկար կանգառը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի առաջացնի

16 փետրվարի 2026 – 16:55 AMT

PanARMENIAN.Net – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ մտավախություն չկա, թե ատոմակայանի նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի պայմաններում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։

«Այդ բացը լրացվում է այլ կայանների հավելյալ աշխատանքի ճանապարհով, հետևաբար, վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Մեսրոպյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանը ցանկացած պահին կարող է կանգառի մեջ գտնվող էլեկտրակայանի արտադրանքը փոխարինել այլ գործող կայանների հաշվին։

«Այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք»,- ընդգծել է նա։

Մեսրոպյանը նաև ասել է, որ ՀԷՑ-ի գույքի օտարման հարցում գաղտնի գործընթաց չկա, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ բաշխման լիցենզիայի դադարեցումից հետո պետությունը պետք է երեքամսյա ժամկետում սկսի նախկին սեփականատերերից բաշխման գործունեության համար անհրաժեշտ գույքի օտարման գործընթացը՝ առաջարկելով համապատասխան գին։

«Պետությունն այս փուլում, երբ մենք դադարեցրել ենք բաշխման լիցենզիան, հաջորդ փուլը դա է, որ երեքամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության օտարման գործընթաց սկսի և դրա շրջանակներում պետք է գին առաջարկի և եթե կգան համաձայնության՝ շատ բարի, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը»,- նշել է նա։

Մեսրոպյանի խոսքով՝ եթե կողմերը համաձայնության չգան, ապա գործընթացը կշարունակվի հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով՝ ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի օտարման ու փոխանցման ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ երեքամսյա ժամկետը դեռ չի ավարտվել և առաջիկա օրերին կառավարության համապատասխան մարմինները լրատվամիջոցների միջոցով կտեղեկացնեն գործընթացի մանրամասների մասին՝ վստահեցնելով, որ որևէ գաղտնի քայլ չի իրականացվում։

Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ հարցին՝ Մեսրոպյանը հայտնել է, որ նախորդ տարի ընկերությունը երկու անգամ տուգանվել է՝ յուրաքանչյուր անգամ 10 մլն դրամի չափով, սակայն հանձնաժողովում կողմնակալ վերաբերմունք չկա։

«Այս կամ այն ընկերությանը լիցենզիայից զրկելն ինքնանպատակ չէ։ Պարզապես, «ՎեոլիաՋուր» ընկերություններում տարբերությունը բավական մեծ է ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներից»,- նշել է ՀԾԿՀ նախագահը՝ հավելելով, որ խնդիրների կարգավորման գործընթացում կառավարությունը մեծ դեր է ունեցել, սակայն վերջինս իր պարտավորությունները ամբողջությամբ չի կատարել։

Մեսրոպյանի ներկայացմամբ՝ կա նախնական որոշում, համաձայն որի ջրի վարձավճարները կմնան «ՎեոլիաՋուր» ընկերությունում և կուղղվեն հնամաշ համակարգի արդիականացմանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:

Leave a Comment