Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը քննարկել են հայկական և եվրոպական ֆուտբոլին առնչվող հարցեր, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նշվում է, որ նրանց հանդիպումը կայացել է «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո։ Ըստ ՀՖՖ հաղորդագրության՝ հանդիպմանը Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:
2025-ի սեպտեմբերին Մելիքյանը հայտարարել էր, որ փորձելու է հետ բերել Մխիթարյանին։ Միևնույն ժամանակ նա շեշտել էր, որ դեռ չգիտի Մխիթարյանի կարծիքը վերադարձի վերաբերյալ։
2022 թվականի մարտի 3-ին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 2023-ին նա պաշտպանել էր Արաս Օսբիլիսի թեկնածությունը ՀՖՖ ղեկավարի պաշտոնում՝ հակադրվելով ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Փետրվարի 4-ին, խոսելով ֆեդերացիայի հետ իր հարաբերությունների և հավաքականից հեռանալու պատճառների մասին, Մխիթարյանը հայտարարել էր, որ «կգա մի օր, երբ բոլորը կիմանան ճշմարտությունը»։
ԿԳՄՍՆ-ն Մխիթարյանին ճանաչել էր 2024-ին Հայաստանը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնող մարզիկ։ Մխիթարյանը, սակայն, չէր ներկայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 2024-ի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը։
