Չինական Նոր տարին կամ Լուսնային ամանորը Չինաստանի ամենակարևոր ավանդական տոնն է, որի հիմքում ընկած է ընտանեկան վերամիավորման գաղափարը։ Այս օրերին հարյուր միլիոնավոր մարդիկ մեկնում են իրենց հարազատ տները՝ նշելու նոր տարվա սկիզբը, որն այս տարի խորհրդանշում է Ձիու տարին։
Նախատեսվում է՝ այս երևույթը հանգեցնելու է աշխարհի ամենամեծ միգրացիային՝ ռեկորդային 9,5 միլիարդ ուղևորություններով, ինչի պատճառով երկրի տրանսպորտային համակարգն աշխատելու է իր հզորությունների գագաթնակետին՝ գործարկելով հազարավոր լրացուցիչ գնացքներ և չվերթեր։
Տրանսպորտային այս հսկայական հոսքերը կառավարելու համար իշխանություններն առավելագույնս օգտագործելու են արագընթաց երկաթուղային ցանցը, որն այս օրերին սպասարկելու է օրական միլիոնավոր ուղևորներ։
Տնտեսական աճին զարկ տալու նպատակով պետությունը տոնական արձակուրդը երկարաձգել է մինչև ինը օր և բաժանել մոտ 52 միլիոն դոլարի սպառողական վաուչերներ, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ գումար ծախսեն ճանապարհորդությունների և գնումների վրա։
Չնայած այս ջանքերին և պաշտոնական լավատեսությանը, բնակչության շրջանում դեռևս նկատվում է տնտեսական զգուշավորություն. շատերը նախընտրում են խնայել, քան ակտիվ ծախսեր կատարել, ինչը 2026 թվականի տոնական շրջանը դարձնում է լուրջ փորձություն Չինաստանի տնտեսական վերելքի համար։
Տոնական շրջանը տևում է փետրվարի 15-ից 23-ը, իսկ Նոր տարվա առաջին օրը ընկնում է փետրվարի 17-ին:
Նշենք, որ Չինաստանում՝ նախորդ տարվա 9 միլիարդ ուղևորության դիմաց այս տարի ակնկալվում է 9.5 մլրդ ուղևորություն, իսկ արձակուրդները նախատեսված ութի փոխարեն կտևեն ինը օր։
