Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ կիրականացվեն։ Այս մասին այսօր հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
«Չինաստանի Շանհայ քաղաք այցի շրջանակում երկու քաղաքների մանկական հիվանդանոցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն էլ հնարավորություն կտա իրագործել մանկական ուղեղային կաթվածի վիրահատական և վերականգնողական բուժումը: Այցի ընթացքում Երևանի և Շանհայի մասնագետները կատարել են համատեղ վիրահատություն, նույնը նախատեսվում է նաև Երևանում, ինչը տարածաշրջանում առաջին հնարավորությունն է: Մոտ 24 մլն դրամ արժողությամբ սարքավորումները կտրամադրի չինական կողմը, վերականգնողական բուժումը տեղի կունենա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի համապատասխան բաժանմունքում»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter