Նախարար․ V-BAT ԱԹՍ-ների ներքին արտադրությամբ համալրում հնարավոր չի եղել

Նախարար․ V-BAT ԱԹՍ-ների ներքին արտադրությամբ համալրում հնարավոր չի եղել

16 փետրվարի 2026 – 16:04 AMT

PanARMENIAN.Net – Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՀ օդային պաշտպանությունը ամերիկյան գերժամանակակից հետախուզական V-BAT անօդաչուներով համալրելու գործարքին, ասել է, որ Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերը ներառված են աշխարհում լավագույնների ցանկում։

Նախարարը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները նման տեսակի ԱԹՍ-ներ չեն արտադրել։ Նրա խոսքով՝ եթե տեղական արտադրությամբ նմանատիպ տեխնոլոգիական լուծումներ առկա լինեին, ապա ներմուծման հարց ընդհանրապես չէր ծագի։ Նա ընդգծել է, որ նման արտադրանքի առաջին շահառուն և շահագրգիռ կողմը հենց ԲՏԱ նախարարությունն է, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ նրա, առհասարակ խրախուսվել է տեղական արտադրանքի սպառումը և պետության կողմից ռազմարդյունաբերական ընկերություններին պատվերների տրամադրումը։ Միևնույն ժամանակ, նախարարի գնահատմամբ, անհրաժեշտ է «ադեկվատ» գնահատել առկա հնարավորությունները և ընդունել, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք ստեղծելու համար դեռևս երկար ճանապարհ կա անցնելու։

«Shield AI ընկերության կողմից արտադրվածն աշխարհում լավագույնների ցանկում է, և այժմ կարևոր մի նոր էջ է բացվում հենց Shield AI ընկերության հետ արդեն ոչ թե ՊՆ-ի, այլ հենց ԲՏԱՆ-ի համար հնարավորության սահմանների շրջանակում գիտելիքների փոխանցման, տեխնոլոգիաների փոխանցման շուրջ երկխոսություն զարգացնելու, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու կամ մշակումներ իրականացնելու առումով:

Ահա սա արդեն տվյալ գործակցության շրջանակում հավելյալ կարողություններ ՀՀ ներմուծելու մասին է արտադրության, հետազոտության համատեքստում:

Ամփոփելով միտքս՝ պիտի ասեմ, որ նման որոշումը, որը կարևորագույն որոշում էր մեր ԶՈւ-ի համար, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության [համար] հենց պաշտպանական ոլորտում, կարևորագույն ձեռքբերում էր: Ըստ էության, ներքին արտադրությամբ այդ կարիքը համալրել ուղղակի տեխնիկապես հնարավոր չէր»,- ասել է նախարարը։

ԱՄՆ փոխնախագահը Երևան այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն 11 մլն դոլարի հետախուզական V-BAT տեսակի անօդաչուներ կվաճառի ՀՀ-ին:

Leave a Comment