16 փետրվարի 2026 – 15:27 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել նրա գործով գանգատը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է քննության ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատն և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։
Դիմումը քննության է ընդունվել «well-established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական։
Գանգատը վերաբերում է՝
կալանքի` իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,
դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դավիթ Տոնոյանը մոտ երեք տարի գտնվել է կալանքի տակ։
«Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
Ի դեպ, հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը Հայաստանում շարունակվում է»,-ասվում է հայտարարության մեջ:
2021-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կալանավորվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել 2023-ի դեկտեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց՝ օգոստոսի 15–ին։