Մարտի 5-ից հետո կենսաթոշակների բանկը կընտրվի ինքնաշխատ կարգով

Մարտի 5-ից հետո կենսաթոշակների բանկը կընտրվի ինքնաշխատ կարգով

16 փետրվարի 2026 – 15:31 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է պարզաբանումներ կենսաթոշակների և նպաստների կանխիկ վճարումներից անկանխիկ ձևաչափին անցման կարգի վերաբերյալ։ Գերատեսչության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն քաղաքացիները սահմանված վերջնաժամկետից առաջ, հայտնում է Panorama.am-ը:

Գործընթացը դյուրացնելու նպատակով գործարկվել է առցանց դիմելու տարբերակ, ինչը հնարավորություն է տվել խուսափել տարածքային կենտրոններում գոյացող հերթերից։ Քաղաքացիները պետք է նախընտրեն իրենց ցանկալի բանկը, այնուհետև կնքեն հաշվի սպասարկման պայմանագիր և ստանան բանկային քարտ։

Այն շահառուների պարագայում, որոնք մինչև մարտի 5-ը չեն իրականացրել բանկի ընտրություն, պետությունը կիրականացնի բանկի ավտոմատ որոշում։

«Եթե այդ անձը որևէ վճարատեսակ ստանում է անկանխիկ եղանակով, օրինակ՝ անապահովության նպաստը ստանում է բանկի միջոցով, բայց կենսաթոշակը ստանում է Հայփոստի միջոցով կանխիկ եղանակով, ապա նրա համար կընտրվի այդ անապահովության նպաստի բանկը… Իսկ եթե չկա այդպիսի բանկ, այս դեպքում ծրագրային մոդուլի ընտրությամբ մենք ընտրելու ենք այդ քաղաքացու համար բանկը»,- մանրամասնել է նա։

Բանկի ինքնաշխատ ընտրության դեպքում քաղաքացիները կտեղեկացվեն հետադարձ կապի միջոցներով՝ հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում։ Բացի դրանից, ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է հատուկ հղում, որի միջոցով անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով՝ հնարավոր է պարզել ընտրված բանկը։

Մարտի 5-ը որպես վերջնաժամկետ սահմանվել է վճարման ցուցակների կազմման ընթացակարգով պայմանավորված։ Մարտի ցուցակները եղել են վերջինը, որտեղ ներառվել են կանխիկ եղանակով վճարում ստացողները, որից հետո սկսվել է ապրիլ ամսվա անկանխիկ վճարումների կազմակերպման փուլը։

«Մենք մարտի հինգը ընտրեցինք, որպեսզի մարտի հինգից ընկած ժամանակահատվածում հասցնենք կատարել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստանալու համար, և երբ որ ապրիլի մեկին մենք արդեն վճարման ցուցակները ձևավորենք և ուղարկենք բանկերին, գոնե թե մեր այ այս շահառուները… պատրաստ լինեն արդեն իսկ գումարը իրենց հաշիվներին նստելուց հետո կարողանան ստանալ կենսաթոշակը»- ասել է Գալստյանը։

Նախարարության ներկայացուցիչը հորդորել է քաղաքացիներին չուշացնել դիմումների ներկայացումը, քանի որ մարտի 5-ից հետո բանկ ընտրելու դեպքում ընթացակարգը կարող է ձգձգվել, և շահառուները ապրիլ ամսվա վճարումները կկարողանան ստանալ միայն ամսվա ավարտին։

Leave a Comment