Այո՛, կան այդպիսիք. ՔՊ-ում քվեարկության մասնակիցներից 38-ը ձայն չեն տվել Փաշինյանին. խմբակցության քարտուղարը խոստովանեց

Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցերը փոխադարձ բնույթ են կրում, դրանք ուղղված են խաղաղության ամրապդմանը, այսօր կայացած ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության 19 ներկայացուցիչներ ցամաքային ճանապարհով ժամանել էին Հայաստան։

Ըստ պատգամավորի՝ այդ այցերն ուղղված են խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը։

«Հայկական և ադրբեջանական հասարակության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները շարունակական են լինելու՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում», – ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Ճեպազրույցին ներկա ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանն իր հերթին անդրադարձավ նախընտրական թեմային՝ տեղեկացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլի քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկները 932-ն են եղել։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ, փաստորեն, կան մարդիկ, որոնք չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց.

«Այո՛, կան։ Մենք ժողովրդավար կուսակցություն ենք, և նաև դուք էլ խոսելու թեմա ունեք այդ իմաստով։

Ես ուզում եմ արձանագրել և հուսով եմ՝ դուք էլ դա արձանագրեցիք, որ սա Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր՝ իր թափանցիկության և ժողովրդավարության տեսանկյունից։ Ես հույս ունեմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ գոնե մի քիչ մոտիկ միջոցառումներ կկազմակերպեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերջապես հասկանա, թե նրանց ցուցակները որտեղ են գրվում, ում կողմից են գրվում, ինչ լեզվով են գրվում և այլն»։

Նշենք, որ 3 օր տևած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ստացել է 894 ձայն, Սուրեն Պապիկյանն ստացել է 780, Գևորգ Պապոյանը՝ 765, իսկ Արարատ Միրզոյանը՝ 743 ձայն։

Leave a Comment