ԱԺ «Պատիվ ունեմ» խորհրդակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ՝ ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցին, որտեղ վերջինս Հայ Առաքելական եկեղեցու 4-5 հոգևորականների մեղադրել էր մանկապղծության մեջ։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ ԱԺ նախագահի այս հայտարարությանը պետք է իրավական ընթացք տրվի։
«Ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա, և սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի»,- ասաց պատգամավորը։
Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, հիշեցնենք, Ալեն Սիմոյնանն ասել էր.
«Ենթադրենք՝ որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները, կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա։ Չի՛ կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ ո՞ւմ նկատի ունի Ալեն Սիմոնյանը։ «Դե, կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, ենթադրենք, չորս-հինգ հոգի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ահա թաղվել են այդպիսի իրավիճակներում։ Բացի այդ, կա նաև փաստաթուղթ, որը հաստատում է, որ ներկայիս անձի (կաթողիկոս Գարեգին Բ-ի-խմբ․) հարազատ եղբայրն աշխատել է, այսինքն՝ տեղեկանք կա, որտեղ նա ստորագրել է՝ աշխատելու Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ և այլն»,-հայտարարել էր Սիմոնյանը։