Աբրահամյան․ Վենսի հետ հանդիպումից հետո Ալիևի խոսքերը գերիների մասին ավելի շատ հարցեր առաջացրեցին

Աբրահամյան․ Վենսի հետ հանդիպումից հետո Ալիևի խոսքերը գերիների մասին ավելի շատ հարցեր առաջացրեցին

16 փետրվարի 2026 – 13:56 AMT

PanARMENIAN.Net – «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ խոսել է Բաքվում ապօրինի դատապարտված հայ գերիների թեմային՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։

«Բաքվում ապօրինի դատապարված հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո շատ ավելի հարցեր առաջացրեցին»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորը նշել է, որ Ալիևի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահի հետ անդրադարձ է կատարվել գերիների հարցին, ադրբեջանական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը, և թեման դրանով ավարտվել է։ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ այս հանգամանքը կարող է վկայել երկու տարբեր սցենարի մասին:

«Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա, ԱՄՆ փոխնախագահն ուղղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տրամադրությունները, երկրորդ՝ կա կամ եղել է որոշակի պայմանավորվածություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այդ թեման խնամքով շրջացվի»,-ասել է պատգամավորը:

Նա նաև ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները որոշ չափով զարմանալի են եղել, քանի որ Ադրբեջանի ղեկավարը փաստացի ցույց է տվել, թե հարցը առաջնային քննարկման առարկա չի հանդիսացել։

«Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց, որ այդ թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ հարաբերությունների ֆոնին, որպես այդպիսն չի կարող լինել»,- ասել է ընա:

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ սա ևս մեկ անգամ արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունների համար գերիների հարցը առաջնային օրակարգային խնդիր չի համարվել և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում հրատապ թեմա չի դիտարկվել, ինչի հետևանքով դրա շուրջ կենտրոնացում չի եղել։

«Ըստ էության, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր համար կարևոր հարցերը բերում, դրանց վերաբերյալ լուծումներ է ստանում, ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»:

Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է:

Leave a Comment