16 փետրվարի 2026 – 14:10 AMT
PanARMENIAN.Net – «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանհամակարգող Արեգ Քոչինյանը Ծաղկաձորում նախաձեռնության երրորդ համաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներին, անդրադարձել է նաև քննադատություններին:
Նա նշել է, որ հաճախ իրենց մեղադրում են անցյալը ջնջելու կամ ցավը մոռացության մատնելու փորձերի մեջ, հայտնում է Aysor.am-ը:
«Շատ հաճախ ասում են՝ դուք փորձում եք ջնջել անցյալը, մոռացնել ցավը, խմբագրել պատմությունը։ Կարևոր է արձանագրել, որ մենք երբևէ մեր առջև նման նպատակ չենք դրել։ Մենք չենք փորձում մոռացության մատնել մեր պատմությունը, տարաձայնությունները կամ այն ցավը, որը կա թե՛ մեր հասարակությունում, թե՛ նրանց հասարակությունում։ Այս ֆորմատի նպատակը այդ ամբողջ բեռին զուգահեռ նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծերի ձևավորումն է՝ քննարկումների, դրական օրակարգի և առկա խնդիրների լուծման փորձերի միջոցով»։
Նրա խոսքով՝ ցամաքային անցման ճանապարհով հանդիպում կազմակերպելու գաղափարը ձևավորվել է հենց նախաձեռնության ձևաչափում։ Նա պարզաբանել է, որ այն ծագել է փորձագիտական քննարկումների ընթացքում։
«Հենց քննարկման ժամանակ էր ծնվել միտքը, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա սահմանը հատելու ճանապարհով, և երկու երկրների ներկայացուցիչներն այն ողջունեցին ու իրականություն դարձրին»,– ասել է նա՝ ընդգծելով, որ միջոցառումները կազմակերպվել են երկու երկրների կառավարությունների անմիջական, ներառյալ ֆինանսական աջակցությամբ։
Փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի նախաձեռնության հիմնական մասնակիցներից, քննարկմանը ներգրավվելու է նաև երկու կողմերից ավելի ընդլայնված կազմ։
Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր սահմանված ընթացակարգերը։ Այս քայլը գնահատվել է որպես երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված կարևոր գործնական առաջընթաց։