Հուսով եմ՝ ՔՊ կուսակցության այս քայլը վարակիչ կլինի մյուս քաղաքական ուժերի համար. Թունյան

Հուսով եմ՝ ՔՊ կուսակցության այս քայլը վարակիչ կլինի մյուս քաղաքական ուժերի համար. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իհարկե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորմանը մասնակցած բոլոր պատվիրակներին և հատկապես՝ ինձ ձայն տված գործընկերներիս։

Որքան էլ կողքից հետևողների համար անսովոր լինի, գործընթացն իրոք մրցակցային էր և անկանխատեսելի. բոլորն ունեին հայտ ներկայացնելու հնարավորություն, և ոչ մեկս նախօրոք չգիտեր ու չէր կարող իմանալ՝ ինքը ցուցակի որ տեղում կհայտնվի:

Իհարկե, դեռ կլինեն որոշ ճշգրտումներ (օրինակ՝ կանանց քվոտայի հետ կապված), դեռ կլինի երկրորդ փուլ՝ առաջին 50 տեղերի միջև, բայց անգամ այս առաջին փուլի կարևորությունը դժվար է գերագնահատել՝ կուսակցական ժողովրդավարության մակարդակի բարձրացման և քաղաքական դաշտի առողջացման տեսանկյունից:

Այնպես որ, այս գործընթացը հաջող անցկացնելու համար շնորհավորում եմ մեզ բոլորիս և հուսով եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս քայլը վարակիչ կլինի մյուս քաղաքական ուժերի համար:

Մոռացա նշել, որ 397 ձայնով զբաղեցրել եմ 31-րդ տեղը, ինչը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող, և ես այդ վստահությունը հաստատ չեմ չարաշահի:

Ինչ խոսք, շատ ավելի կարևոր է հունիսի 7-ի ընտրությունը, որին մասնակցելու է ամբողջ ժողովուրդը և համոզված եմ՝ վերահաստատելու է, որ գնում ենք մեր երկրի խաղաղությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու, զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու ճանապարհով»։

Leave a Comment